Կառավարման համակարգի կրճատումների հաշվին՝ աշխատակիցների աշխատավարձը կարող է բարձրանալ
Ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը վստահ է՝ կարող ենք ունենալ ավելի «արագագործ» կառավարման համակարգ, եթե այն օպտիմալացվի:
Նա այդ մասին հայտարարեց այսօր՝ ԱԺ-ում 2019 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ:
«Խնդիր ունենք նաև վարձատրման համակարգի հետ կապված: Գաղտնիք չէ, որ եղել է տեսակետ, որ կառավարման համակարգում լավ մասնագետ ներգրավելը բարդ է վարձատրության համակարգով պայմանավորված. պետք է վերանայել կառավարման համակարգի կառուցվածքը»,- ասաց Ջանջուղազյանը:
Նրա խոսքով՝ օպտիմալացման դեպքում կշտկվի վարձատրության համակարգը: Խոսքը մասնավորապես ղեկավար և աշխատակից հարաբերակցության մասին է.
«Կառավարման տեսության մեջ հայտնի մեկ ղեկավարին 7-11 աշխատակցի հասցնելու պարագայում հնարավորություն կստեղծվի 20-22 տոկոսի չափով բարելավել աշխատավարձի մակարդակը»,- ասաց նա՝ նշելով, որ կրճատումների հարցը քննարկման փուլում է:
Ջանջուղազյանի որակմամբ՝ կան չհիմնավորված կառույցներ, որոնց գործունեությունը պետք է դադարեցվի: