Կայֆերը մեզնից, փողը՝ բյուջեից. ո՞ւմ ենք հաշվետու
Հանրապետական պատգամավոր Արմեն Աշոտյանն օրենսդրական նախաձեռնություն էր ներկայացրել Կառավարությանը, որով առաջարկում էր կանոնակարգել ՀՀ վարչապետին տրամադրված ինքնաթիռից և ուղղաթիռից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց օգտվելու կարգը:
Նաև առաջարկում էր, որպեսզի այդ փոխադրամիջոցներից այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից օգտվելու մասին տեղեկությունները հրապարակվեն օգտվելու փաստից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում, ՀՀ վարչապետի պաշտոնական կայքում։
Կառավարությունն Արմեն Աշոտյանի օրենսդրական այս նախաձեռնությունը, իհարկե, մերժեց՝ դրա համար ներկայացնելով խելքից հեռու հիմնավորում։
Իսկ թե ինչ է թաքնված այդ հիմնավորման տակ, ակնհայտ է հասարակության ադեկվատ հատվածի համար․ բնականաբար, փաշինյանական թիմը չի ցանկանա արած կայֆերի, այստեղ-այնտեղ շրջագայելու, պաշտոնական ուղևորությունների անվան տակ երկրե-երկիր գնալու և զրոյական արդյունք արձանագրած վերադառնալու մասին պաշտոնական հաշվետվություն ներկայացնել վարչապետի կայքում։
Սուպերվարչապետական կոստյումն այդպես էլ հագից չհանող Փաշինյանի թիմի համար, իհարկե, բացարձակ ցանկալի չէ նման հաշվետվություն ներկայացնելը հանրությանն ու ժողովրդին։ Ստացվում է՝ երբ պետք է այդ ժողովրդին հավաքել Ազգային ժողովի դիմաց և շենքը պաշարել՝ ամեն ինչ հանուն ժողովրդի է, երբ պետք է ժողովրդի անունը շահարկելով՝ իշխանություն ձեռք գցել՝ դարձյալ ժողովրդի համար է, իսկ երբ պետք է հաշվետվություն ներկայացնել, թե նույն ժողովրդի հարկերից գոյացած բյուջեով մեր պաշտոնյաներն ինչ ծախսեր են անում՝ հակաժողովրդավարական է և նման բան թույլ տալ չի կարելի։
Եվ սրանք դեռ առաջին ծիծեռնակներն են, դեռ ինչերի՜ ենք ականատես լինելու, երբ Ազգային ժողոովում իշխող քաղաքական ուժը վերցնի 2/3-ը և դառնա իշխանության բացարձակ մենածամասնություն։