Հերթը կոստյումինն է
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ջանք ու եռանդ չէր խնայում էքս նախագահ Սերժ Սարգսյանին քննադատելու ու նրա ղեկավարած կառավարման համակարգը ամենավատը որակելու համար: Շատ կարճ ժամանակ է անցել այն օրից, երբ Սերժ Սարգսյանին Փաշինյանը մեղադրեց անբիծ կենսագրություն ունեցող Արմեն Սարգսյանին նախագահական նստավայր հատկացնելու փոխարեն «եվրառեմոնտ արած» երեք սենյականոց բնակարան տալու համար:
Կառավարության այսօրվա նիստում գործադիրը հավանություն տվեց նախագահական նատավայրը Բաղրամյան 26 տեղափոխելու վերաբերյալ որոշման նախագծին:
Սա մի քայլ է, որը չկատարելու համար բազմիցս քննադատվել է Փաշինյանն, այդ թվում և մեր կայքի հոդվածներում:
Սակայն խնդիրն այստեղ ոչ այնքան Արմեն Սարգսյանին Բաղրամյան 26-ում տեղավորելն է, այլ դա կատարելու համար Փաշինյանի ընտրած ժամանակահատվածը, երբ լուծարված է Ազգային ժողովն ու երկիրը կանգնած է մեկ ուժի մոնոպոլիայով ձևավորված խորհրդարան ունենալու շեմին: Դատողությունները թողնում ենք ընթերցողին և հիշեցնում, որ Փաշինյանը Սերժ Սարգսյանին քարկոծում էր նաև սուպերվարչապետի կոստյումն իր հագով կարել տալու և հագնելու համար, իսկ արդեն մի քանի ամիս է՝ այդ կոստյումը Փաշինյանի հագին է, ուստի, այն հանելու ժամանակը ևս հասունացել է
Հավանաբար, նա դա կանի, երբ որ անցնի վտանգը: Ի դեպ, հավելենք, որ Փաշինյանը չպետք է մոռանա իր ենթակայության տակ գտնվող Ոստիկանության վերահսկողությունից հրաժարվելու և այն խորհրդարանին հանձնելու մասին: