Ո՞ւր է Արման Հակոբյանը, ինչո՞ւ գրասենյակից դուրս չի գալիս
Երևանում երթևեկությունը կատաստրոֆիկ վիճակում է։ Շատ հաճախ վթարները խլում են մարդկանց կյանքեր, խցանումները՝ ժամանակն ու նյարդերը։
Օրերս մի նախաձեռնությամբ քաղաքի կենտրոնական հատվածներից մեկում ճանապարհային նոր գծանշան ավելացավ՝ «վաֆլի», որը կիրառվելու է խաչմերուկներում խցանումներից խուսափելու համար։ Սակայն անհերքելի փաստ է, որ այս գծանշումը խիտ օրերին ոչ մի օգուտ էլ չի տա։
Երթևեկության այս բարձիթողի վիճակը սկիզբ առավ հեղափոխության օրերին, երբ հանրությանը կոորդինացնող մարդը՝ Նիկոլ Փաշինյանը, հորդորում էր ճանապարհներ փակել, ազդանշան տալ, ապա փակում էր արագաչափերը։
Վարչապետ ընտրվելուց հետո էլ, վարորդների նկատմամբ ներողամիտ լինելու՝ Ճանապարհային ոստիկանությանը տրված հանձնարարականը հանգեցրեց այսօրվա բարձիթողի վիճակին։
Տպավորություն է՝ Երևանի ՃՈ անձնակազմը արձակուրդում է՝ ղեկավար Արման Հակոբյանի գլխավորությամբ։ Այս պաշտոնյան կարծես գրասենյակային չինովնիկի հոգեբանությունից դուրս չի գալիս, չի երթևեկում քաղաքով և չի տեսնում, թե ինչ է կատարվում իր կառավարմանը հանձնված ոլորտում։
Ոչ վաղ անցյալում այդ նույն պաշտոնը զբաղեցնում էր Արսեն Արշակյանը, այս պաշտոնյային հաճախ կարող էին քաղաքացիները հանդիպել վթարների վայրերում կամ փողոցում անձամբ խցանումների ժամանակ երթևեկությունը կարգավորելիս և այս համեմատության մեջ ակներև է ներկայիս ՃՈ պետի անտարբերությունը։
Ո՞ւր է նա, ի՞նչ է անում, կարծես ոչ ոք չգիտի և այսօր միայն մի քանի երիտասարդներ են որոշում բանուկ հատվածում «վաֆլի» գծանշան ավելացնել։
Ականջդ կանչի, Արսեն Արշակյան։