Պաշտպանության փոխնախարարը՝ 4 զինվորի կյանք խլած վթարի մասին. «Իրոք, եղել են բացթողումներ պատասխանատուների կողմից»
Քննչական մարմինն իրականացնում է քննություն: Որևիցե մեկնաբանություն անելն այս փուլում գտնում եմ՝ ճիշտ չի: Այդ մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարին, որի հետևանքով 4 զինծառայող մահացավ:
«Իրոք, եղել են բացթողումներ պատասխանատուների՝ զորամասի տարբեր կոչում ունեցող զինծառայողների կողմից: Հիմա հատուկ հանձնախումբն աշխատում է դրա ուղղությամբ: Ներգրավված են բոլոր ուժերը, որպեսզի այսպիսի աննախադեպ իրադարձություն այլևս տեղի չունենա: Եղել են որոշակի տեխնիկական կանոնների խախտումներ, հնարավոր է որոշակի անսարքություններ ի հայտ գան»,- ասաց Պաշտպանության փոխնախարարը:
Հարցին, թե հնարավո՞ր է արդյոք վթարից հետո վերանայվի ժամկետային զիծառայողների կողմից մեքենաներ վարել-չվարելու հարցը, Բալայանը պատասխանեց. «Երբ ժամկետային զինծառայողները նշանակվում են վարորդի պաշտնում, դա չի լինում հրամանատարի կամ ստորադաս ու վերադաս պաշտոնյայի ցանկությամբ: Այդ վարորդները մինչև իրենց զորակոչվելը բանակ, անցնում են որոշակի պատրաստություն «Դոսաֆի» համապատասխան ստորաբաժանումներում՝ ըստ մեր ներկայացրած հայտի, ըստ զինակոչիկների հետագայում համալրման հանարվորությունների մենք այդ պատվերը յուրաքանչյուր տարի տալիս ենք և արդեն ընդունում ենք պատրաստված վարորդների: Այս փուլում չեմ կարող ասել: Եթե պարզվի՝ վարորդի մեղքով է եղել, միգուցե նաև որոշակի խնդիրներ առաջանան այդ ծրագրորը վերանայելու, բայց կարող եմ ասել, որ վարորդը բավական հմուտ վարորդ է եղել, իր ծառայությունը մոտենում էր ավարտին, մի քանի ամսից պետք է զորացրվեր»,- եզրափակեց Բալայանը: