Ֆինանսների նախարարը պատասխան չուներ՝ որքա՞ն է կրճատվելու աղքատությունը
Դեռ չենք հասել այդ աստիճանի, որ կարողանանք դատողություն անել և գնահատել, թե որքան կարող է նվազել աղքատությունը Հայաստանում: ԱԺ-ում բյուջեի քննարկման ժամանակ այդ մասին խոստովանեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրան աղքատության կրճատման հետ կապված հարցն ուղղել էր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը:
«Բյուջեի 4,5% աճ ենք նախատեսում, եկամուտների աճ ենք նախատեսում, հարկեր-ՀՆԱ փոխում ենք, գումարները հավաքում, ծախսում ենք ու արդյունքում ի՞նչ ենք ունենում, մեկ շատ կարևոր ժողովրդագրական չափանիշ, որն ամենաէականն է՝ աղքատության չափը: Քանի՞ տոկոս է աղքատությունը կրճատվելու»,- հարցրեց Հակոբյանը:
Նրա հարցադրմանն Ատոմ Ջանջուղազյանը հստակ չպատասխանեց՝ նկատելով, որ չի կարող կոնկրետ թվեր ասել:
Հակոբ Հակոբյանը համաձայնեց, որ աղքատության կրճատումը քաղաքական գնահատման խնդիր է. «Բայց երբ գրում ենք բյուջետային ծրագրավորում, մենք չունեինք այդ բանաձևը. լավ, մենք այդ բանաձևը պե՞տք է գտնենք, թե՞ ոչ»,- հարցրեց նա: