Պաշտոնական. Մադրիդի «Ռեալ»-ի ու Իսպանիայի հավաքականի ֆիզպատրաստության մարզիչը կլինի Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում
Ինչպես տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքից, Խավիեր Մինյանոն պայմանագիր է ստորագրել ՀՖՖ-ի հետ: ՀՖՖ-ի կայքում մասնավորապես ասվում է.
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան պայմանագիր է ստորագրել իսպանացի մասնագետ Խավիեր Մինյանոյի հետ, որը համալրել է Արմեն Գյուլբուդաղյանցի մարզչական շտաբը և պատասխանատու է լինելու Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների ֆիզիկական պատրաստության համար:
Խավիեր Մինյանոն ֆիզպատրաստության գծով ամենահայտնի մասնագետներից է Եվրոպայում: 11 տարի աշխատել է Մադրիդի «Ռեալ»-ում: Այդ ընթացքում 2 անգամ՝ 2000 և 2002 թվականներին, նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ ընդգրկված լինելով Վիսենտե Դել Բոսկեի մարզչական շտաբում: Մինյանոն 8 տարի ընդգրկված է եղել նաև Իսպանիայի ազգային հավաքականի մարզչական շտաբում՝ այդ ընթացքում դառնալով աշխարհի (2010) և Եվրոպայի (2012) չեմպիոն:
Խավիեր Մինյանոն աշխատել է նաև թուրքական «Բեշիքթաշ»-ում և իսպականան «Ռասինգ»-ում, իսկ իսպանացու վերջին աշխատատեղը եղել է Հարավային Կորեայի ազգային հավաքականը»: