Ասֆալտին փռել են, փռում են, փռելու են, բայց մարդկանց թույլ են տալու նաև զենք պահել. Ծառուկյանի զենքն օրինական է
Ինչպես նախկինում, այսօր էլ օլիգարխներին և նրանց թիկնազորին ասֆալտին փռելու գործընթացը շարունակվում է և վաղն էլ լինելու է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ նշելով, թե «ով իրեն խելոք չպահի», օրենքի սահմաններում կլինեն գործընթացներ:
Հարցին, թե այս օպերացիայից հետո օլիգարխներն ու նրանց թիկնապահները «խելոքացե՞լ» են, ոստիկանապետը պատասխանեց․ «Ավելի շատ օրինապահ են դարձել»։
Անդրադառնալով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, որ 70 հատ զենք ունի, և, որ տղամարդը պետք է կրակի, Վալերիյ Օսիպյանը նկատեց, որ օրենքը թույլ է տալիս զենք ունենալ, քանակն էլ սահմանափակ չէ:
Նա չբացառեց, որ օրենսդրորեն կփորձեն սահմանափակել զենք պահելու, կրելու քանակները՝ ընդգծելով, որ դա հետագայի հարց է: Իսկ առայժմ ստուգումներ կանցկացնեն:
«Համայնքային ոստիկանների գործառույթային պարտականությունների մեջ է մտնում տարին մեկ անգամ այցելել բնակարաններ, բնակավայրեր և անձամբ տեղերում ստուգումներ իրականացնել»,- ասաց Վալեիյ Օսիպյանը՝ չհայտնելով, թե, օրինակ, վերջին շրջանում ում տուն են այցելել՝ անօրինական զենքի հետքերով: