Հայաստանի տարածքում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվի. Վալերիյ Օսիպյան
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը նպատակահարմար չի գտնում Հայաստանում ԼԳԲՏ ֆորում անցկացնելու գաղափարը: Նա լրագրողների հետ զրույցում փարատեց խնդրի հետ կապված՝ բոլորի մտահոգությունը. «Հայաստանի Հանրապետությունում ԼԳԲՏ ֆորում չի անցկացվելու»:
Նրա կարծիքով՝ ֆորումի անցկացումը կարող է մեծ ռիսկեր առաջացնել:
«Ինքս նպատակահարմար չեմ գտնում, որ անցկացվի Հայաստանում: Չի անցկացվելու նաև նաև ռիսկերը հաշվի առնելով և անվտանգությունից ելնելով: Մենք բացատրական աշխատանքներ տարանք, որպեսզի ՀՀ տարածքում տեղի չունենա այդ ֆորումը»,- ասաց ոստիկանապետը:
Նա բացատրեց, որ օրեր առաջ Վրաստանում տեղի ունեցած իրադարձություններն աչքի առաջ ունենալով՝ փորձում են Հայաստանում զերծ մնալ միջադեպերից:
«Փորձը ցույց տվեց, որ վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող բոլոր միջոցառումները ոստիկանությունը բարձր մակարդակով անցկացրեց, սակայն մեզ մտահոգում է այն, որ այս դեպքում անվտանգության խնդիր կարող է առաջանալ»,- ասաց Վալերիյ Օսիպյանը: