«Հենց նոր մորթեցի՞ն, տաք-տաք ուղարկեցին Հայաստա՞ն». փորձագետը բելառուսական մսի որակի հետ կապված կասկածներ ունի (տեսանյութ)
«Հույսի ճրագ» ԲՀԿ-ի նախագահ Դոնարա Ալեքսանյանն ավելի քան 15 տարի գործի բերումով շփվել է Սննդի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) պետերի հետ, բայց դեռևս իր գործով սրտացավ մեկին առիթ չի ունեցել հանդիպելու:
Նա NEWSPRESS.am-ի հետ զրույցում նկատում է, որ դժգոհ է նաև նորանշանակ պետ Գեորգի Ավետիսյանից, ում հետ նախկինում առիթ է ունեցել շփվելու լաբորատոր փորձաքննությունների ժամանակ:
«Ես նրան չեմ վստահում, քանի որ շատ է եղել, երբ անորակ ապրանքը ներկայացրել եմ լաբորատոր ուսունասիրման և սննդի անորակությունը կոծկել են»,- ասում է Դոնարա Ալեքսանյանն ու բացատրում, որ միևնույն նմուշը միաժամանակ փորձաքննության է հանձնել մի քանի լաբորատորիայում ու վստահաբար կարող է հայտարարել, որ անորակ սնունդը Գեորգի Ավետիսյանը ներկայացրել է որպես որակյալ:
ԲՀԿ նախագահի դիտարկմամբ՝ նման մասնագետն այսօր չի կարող ապահովել սննդի անվտանգությունը: Դոնարա Ալեքսանյանը նաև մեզ հետ զրույցում առաջ քաշեց ՍԱՊԾ-ի գործառույթի հետ կապված մի շարք խնդիրներ, որոնք այսօր անտեսվում են նորանշանակ պետի կողմից, մինչդեռ ինքն անձամբ զգուշացրել է նրան այդ խնդիրների մասին:
«ՍԱՊԾ պետն ասաց՝ ես գումար չունեմ ու փորձաքննություն չեմ կարող կազմակերպել, կարո՞ղ եք՝ արեք...»,-Գեորգի Ավետիսյանի խոսքը փոխանցեց Դոնարա Ալեքսանյանը:
Որպես առաջնային լուծվելիք խնդիր՝ մեր զրուցակիցն առաջ քաշեց նաև Բելառուսից ներկրվող տավարի մսի հարցը:
«Ես թարմ միսը հասկանում եմ հենց նոր մորթված անասունի միսը: Ի՞նչ է նշանակում թարմ՝ հենց նոր մորթեցի՞ն, տաք-տաք ուղարկեցին Հայաստա՞ն մեքենաներով: Չգիտեմ, ինձ այս մսի հարցը շատ է մտահոգում. այն չի կարող որակյալ լինել»,-ասաց Դոնարա Ալեքսանյանը:
Մանրամասները՝ մեր տեսանյութում