«Քայլ». Այվազովսկիից ոգեշնչված նկարչի աշխատանքների ցուցադրությունը՝ ՆԱՄ-ում (ֆոտոշարք)
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ «ԱՍՄԱ» Միացյալ Նահանգների ծովանկարիչների միության անդամ Գարրի Արզումանյանի աշխատանքների ցուցադրությունը: «Քայլ» խորագրի ներքո ներկայացված են նկարչի լավագույն աշխատանքներից:
Երիտասարդ նկարիչը, ում գործերում գերակշռում է սիմվոլիզմն ու գույների գերիշխանությունը, ստեղծագործում է՝ միաձուլելով տարբեր ժանրերն իրար: Տպավորված լինելով մեծանուն նկարիչ Այվազովսկու գործերով՝ Գարրի Արզումանյանը խոստովանում է. «Ինձ համար մեծություն է Այվազովսկին: Նրա տեխնիկան օգտագործելն անարգանք եմ համարում նրա մեծության հանդեպ: Միևնույն է, ոչ մեկը նրանից ավելի լավ ծովը չի պատկերի»:
Գարրի Արզումանյանի նկարների հիմնական թեման բնության տարերքներն են՝ օդն ու ջուրը, աշխատանքներում կարևոր տեղ է գրավում նաև ճանապարհը՝ միայնակ անցորդն ու իր ուղին կամ ճանապարհ ընկնող նավը՝ անսահման ծովում… Գարրի Արզումանյանը ցուցահանդեսներով հանդես է եկել Սանկտ Պետերբուրգում, Մոսկվայում, Լյուբլյանայում, Մինսկում, ԱՄՆ-ում, Ավստրալիայում և Հայաստանում: