ՀՔԾ պետն իր և ԱԱԾ տնօրենի գաղտնալսված հեռախոսազրույցը համարում է անձնական բնույթի զրույց՝ իր ընտանիքի անդամի հետ
Այսօր լրագրողների հետ զրույցում Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հայտարարեղ, որ չի պատրաստվում ներողություն խնդրել Յուրի Խաչատուրովից։ Հրապարակային ներողություն խնդրելու կոչով ՀՔԾ պետին և ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին դիմել էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդին՝ գաղտնալսված հեռախոսազրույցում վերջիններիս կողմից արտահայտած մտքերի ու վիրավորանքի համար։
Թեև Սասուն Խաչատրյանի և ԱԱԾ տնօրենի հեռախոսազրույցը, ընդհանուր առմամբ, վերաբերում էր քաղաքական հայտնի դեմքերի ձերբակալություններին ու դրանց կազմակերպման ձևերին, սակայն ՀՔԾ պետն այն նույնացնում է ընտանիքի անդամի հետ ունեցած զրույցի հետ և որակում որպես անձնական բնույթի զրույց։
«Յուրաքանչյուր ոք ունի անձնական կյանքի գաղտնիության իրավունք։ Եթե դուք ձեր տանը, ձեր ընտանիքի անդամի հետ զրույցում եք, իսկ ինչ-որ մեկը գալիս, ականջ է դնում ու ասում է, որ դրա համար պետք է հրապարակային ներողություն խնդրել… Դա ճի՞շտ է, որ ապօրինի գաղտնալսում են անձնական բնույթի զրույցը և ներողություն խնդրելու կոչեր են անում»,-ասաց Սասուն Խաչատրյանը։