Համաներում Մանվել Գրիգորյանի՞ն
Այսօր Ազգային ժողովն ընդունեց Համաներման մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ այն կընդունվի վաղը:
Այս նախագիծն ԱԺ-ում Կառավարության ներկայացուցիչ, Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը մի քանի անգամ որակեց աննախադեպ, ինչին հակադրվեցին մի շարք պատգամավորներ՝ շեշտելով, որ այս նախագծում աննախադեպ որևէ բան չկա, ընդամենը մի շարք փոփոխություններով կրկնում է նախկինում հրապարակված համաներման մասին օրենքի նախագծերը:
Ու որքան Հայաստանում ակտիվանում են համաներման մասին խոսակցություններն ու միս ու արյուն ստանում, այնքան սկսում է ավելի լայն թափով շրջանառվել կալանավայրերում կամ մեկուսարաններում հայտնված որոշ օդիոզ դեմքերի՝ ազատ աձակման մասին լուրերը:
Երեկվանից մամուլն արդեն քննարկում է հարցն՝ արդյո՞ք Հովիկ Աբրահամյանի կամ Սամվել Մայրապետյանի վրա համաներումը կտարածվի, այսօր էլ հրապարակվեց Մանվել Գրիգորյանի պաշտպաններից մեկի խոսքը, որով վերջինս կրկին ահազանգում էր, որ Գրիգորյանը քաղցկեղ ունի և ծանր հիվանդ է, ինչը անհամատեղելի է կալանքի հետ:
Մանվել Գրիգորյանի անունը մի քանի օր առաջ ևս հայտնվեց մամուլի ուշադրության կենտրոնում. այդ ժամանակ էլ պաշտպանը հայտարարեց, որ Գրիգորյանը պատրաստ է Ակնալիճի իր կալվածքը նվիրել պետությանը:
Հաշվի առնելով, որ նաև կայացել են Էջմիածնի քաղաքապետի ընտրությունները և իրավիճակը հանդարտվել է, կարելի է եզրակացնել, որ Փաշինյանի դրած պահանջներն ի կատար են ածվել, ուստի ճիշտ ժամանակն է համաներմամբ կալանավայրից դուրս «սղղացնել» տուշոնկա գողացած գեներալին՝ դա որակելով մեծ մարդասիրություն:
Իսկ թե ինչ կլինի այդ մարդասիրության հետևանքը դրա սիրահար իշխանությունների համար՝ ցույց կտան ժամանակն ու Մանվել Գրիգորյանը: