Կառավարությունը դուխով և ռիսկով պետք է բերի նաև հարկային համաներում․ Մելքումյան
Համաներման լայնածավալ միջոցառումը ցանկանում եմ ներկայացնել ոչ միայն իրավական, այլև քաղաքական տեսանկյունից։
ԱԺ արտահերթ նիստի ժամանակ հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Միքայել Մելքումյանը։ Նա նշեց, որ խնդիրն իրավասոցիալական բնույթ է կրում և կարելի է բոլոր տեսանկյուններից ներկայացնել, սակայն իր հարցն ուղղելով Արդարադատության նախարարին՝ նկատեց, թե արդյոք ուսումնասիրվե՞լ են նախորդ տարիներին հայտարարված համաներումների արդյունքները։
«Արդյոք կա՞ն տվյալներ, թե դուրս եկածներից քանի տոկոսն է նորից վերադարձել կալանավայր, առողջության հետ կապված՝ ի՞նչ խնդիրներ են ունեցել: Տարբեր գրանտներ են տալիս մոնիթորինգ անցկացնելու համար, հիմա ես կցանկանայի հասկանալ՝ համաներման էֆեկտը միայն բանտից դուրս գա՞լն է, թե՞ ուրիշ, նրանք կյանքում իրենց հաջողությունն ու երջանկությունը գտնո՞ւմ են․ ի՞նչ արդյունքներ կան»,-իր հարցը նախարար Արտակ Զեյնալյանին ուղղեց Միքայել Մելքումյանը։
Բացի այդ, նրա կարծիքով, միայն այս համաներմամբ դարդին դարման չեն անի, և պետք է լինեն նաև այլ համաներումներ։ Մասնավորապես՝ Մելքումյանը մատնանշում է հարկային համաներումը, որը հատկապես ապրիլ-մայիս ամիսներին տեղի ունեցած հեղափոխությունից հետո պետք է կիրառվեր։
«Կարծում եմ՝ մոտ 60-70 մլրդի էն պարտքերը, որոնք կուտակված են բիզնեսի վրա, ժամանակն է, որ կառավարությունը դուխով և ռիսկով պետք է բերի հարկային համաներումը՝ դրանից բխող այլ միջոցառումներ իրականացնելով»,- նկատեց Մելքումյանը՝ հավելելով, որ ընդհանրապես պետք է լինեն նաև այլ համաներումներ, որպեսզի երկիրն առողջանա։
Կրկին անդրադառնալով կալանավորների համաներմանը՝ նա նկատեց, որ արդյունքներն ուսումնասիրելն անհրաժեշտ է, քանի որ ուղղիչ աշխատանքային կալանավայրը «սանատորյա» չէ։
Դրանից բացի, նա նաև հարց ուղղեց, թե դատարանի գնահատմամբ պետք է պարզել նաև, թե այդ դատապարտվածներից քանիսն են կալանավայրում հայտնվել նախորդ իշխանության հետ ունեցած խնդիրների արդյունքում։
«Այսինքն, եթե եղել է պետաիրավական խաթարված համակարգ, ապա հասկանանք, թե դրա հետևանքով քանի՞սն են տուժել ու այսօր նստած են, թե՞ բոլորն արդար են, բայց դատապարտվել են։ Բա երբ որ մենք ասում ենք, որ դատարանները պրոբլեմային են եղել, դրանց ո՞ր մասն է, որ ոչ արդար վճիռներով նստած են»,- եզրափակեց ԱԺ փոխխոսնակը։