Հանրապետականը հակված է մասնակցել ընտրություններին, վերջնական որոշումն ավելի ուշ կլինի. Վահրամ Բաղդասարյան
Գնում ենք նոր ընտրությունների, դեռ կորցնելու մասին վաղ է խոսելու: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ պատասխանելով դիտարկմանը, թե ինչպե՞ս ընդամենը 1,5 տարի առաջ 800 հազար ձայն հավաքած ուժը խորհրդարանում կորցրեց իր ուժն ու իր պատգամավորներին:
«Դուք պետք է հետևեք զարգացումներին, հանրությունն ընտրությունների ժամանակ պետք է իր կարծիքը հայտնի»,- ասաց նա:
Հարցին, թե, փաստորեն, որոշումը կա՞ ընտրություններին մասնակցելու, Բաղդասարյանն ասաց, որ որոշումը կլինի համաժողովի ժամանակ. «Համենայն դեպս հակվածությունը դեպի ընտրություններին մասնակցելն է»:
Բաղդասարյանն ասաց, որ դեռևս հստակ չէ , թե ով է գլխավորելու Հանրապետականի ցուցակը, նա հորդորեց ենթադրություններ չանել:
Իսկ թե կարո՞ղ են ռեյտինգային թեկնածուները նախկինի չափ ձայներ բերել, Բաղդասարյանը պատասխանեց. «Անհնարին ոչինչ չկա»: Ըստ նրա՝ Հանրապետականը «բնականաբար» շանս ունի հայտնվել խորհրդարանում. «Շանսերը թող ժողովուրդը գնահատի»,- նշեց պատգամավորը:
Հարցին էլ, թե՞ Հանրապետականը կկարողանա՞ հաղթահարել անցողիկի շեմը, ՀՀԿ խմբակցության ղեկավարն ասաց. «Չեմ կարծում, որ միայն անցողիկ լինելու համար մենք պետք է պայքարենք»: