Վթարների քանակով ռեկորդ ենք խփում, հասնում ենք Մոսկվային
Երթևեկությունը հարկավոր է կանոնակարգել։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարորդների իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանը:
Փաստաբանը վիճակագրություն է ներկայացնում՝ Երևանում վթարների թիվը կտրուկ ավելացել է։
«ՃՈ-ում չեն ավելացնում աշխատակիցների քանակը, մարդիկ ծանրաբեռնված աշխատում են, վթար են սպասարկում: Վթարների քանակով ռեկորդ ենք խփում, հասնում ենք Մոսկվային»,- ասում է նա:
Արտակ Խաչատրյանը նկատում է, որ վթարներն ավելանում են և՛ Հայաստան ներկրվող մեքենաների քանակի ու երթևեկության պատճառով, և՛ անկանոն երթևեկության։
«Ճանապարհային ոստիկանությունը համարձակ չի գործում, բայց ինքը պետք է որոշի, թե ինչպես կանոնակարգել իրավիճակը։ Մի մասը կողմ է տուգանքների խստացումներին, մյուս մասը՝ հակառակը, մտածում են, որ հարկավոր է նվազեցնել դրանք, արդյունքում անկանոն երթևեկություն և վթարներ»,- նկատում է Խաչատրյանը:
Ապահովագրական ընկերությունները, ըստ փաստաբանի, այնքան էլ շահագրգռված չեն վարորդների հետ պայմանագրեր կնքել, քանի որ այսօր նրանք վնաս են կրում։ Արտակ Խաչատրյանը նշեց, որ խնդիրը կանոնակարգելու համար հարկավոր է նոր մոտեցումներ և խստացում։