Վիկտոր Մնացականյանը պատերազմ է հայտարարում Արա Սադոյանի բիզնեսներին
Տրամաբանական քայլ էր հեղափոխությունից հետո Վարչական շրջանների ղեկավարների փոփոխությունը: Բայց մի բան է փոխել անձանց, մեկ այլ՝ փոխել մոտեցումներն աշխատանքի նկատմամբ: Նշանակված ղեկավարներից դեռևս ոչ ոք չի հայտարարել իր առաջնահերթությունների, կառավարման ձեռագրի, մոտեցումների մասին, իսկ հասկանալի է, որ քաղաքապետարանի աշխատանքի էական հատվածը զբաղեցնում է թաղապետարանների գործունեությունը:
Այսօր մամուլը մի հակիրճ զրույց էր հրապարակել Երևանի Կենտրոն վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Վիկտոր Մնացականյանի հետ: Լրագրողի՝ ինչպիսի՞ ժառանգություն եք ստացել Ձեր նախորդից հարցին, Մնացականյանը պատասխանել է.
«Եթե կարելի է, ժառանգությունից հիմա չխոսենք, բայց կարող եմ ասել, որ խնդիրները շատ են, փողոցային առևտրից սկսած, գովազդային կարգը պետք է փոխել, էս տառերը, մենյուները մեծ-մեծ․․․»։ Ապա մատնացույց անելով «Հին Էրիվանի» գովազդային վահանակը՝ ասել է․ «Սա կոչվում է վիզուալ աղբ, իսկ այդ աղբը կենտրոնում շատ-շատ է»։
Մնացականյանի խոսքը բավականին ուշագրավ է, քանի որ իր մեջ լուրջ ենթատեքստ է պարունակում, նրան հասկանալու համար պետք է քիչ թե շատ ինֆորմացված լինել:
Բանն այն է, որ իր նախորդը՝ Արա Սադոյանը, տարիներ շարունակ լուրջ գումարներ է աշխատել արտաքին գովազդից, իսկ Կենտրոնում արտաքին գովազդն ամենաթանկն է շուկայում: Այսօր, փաստորեն, Մնացականյանը, պատերազմ է հայտարարում իր նախորդին՝ կպնելով նրա բիզնես հետաքրքրություններին: Չէ՞ որ թեկուզ գովազդային մեկ հարթակի հեռացումն անգամ եկամուտների նվազեցման են տանում: