ՀՀԿ պատգամավորները ենթարկվում են աննախադեպ ճնշումների. չի կարելի հընթացս փոխել խաղի կանոնները. Դավիթ Հարությունյան
Ազգային ժողովում ԸՕ բարեփոխումների նախագիծը տապալվելուց հետո, վարչապետի ժ/պ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին, ասել էր, թե՝ մեկը չկա՞, որ ձեզ ձեր շահը բացատրի:
Այժմ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով նրա այս հայտարարությանը, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը նկատեց. «Ես հասկանում եմ բոլորին անպայման սովորեցնելու գայթակղությունը, փորձելու փաթաթել սեփական կարծիքը, սակայն այդ սցենարները հայտնի են քաղաքականության մեջ և հաճախ են օգտագործվում: Վարչապետի ասածը, թերևս, պետք է հնչեր որպես սպառնալիք: Բանն այն է, որ այսօր էլ «Հանրապետական խմբակցության պատգամավորներ ենթարկվում են աննախադեպ ճնշումների: Դա է պատճառը, որ շատերը ստորագրում են տարբեր փաստաթղթերի տակ կամ կողմ են քվեարկում մի նախագծի»:
Դավիթ Հարությունյանը չի կարծում, որ հոկտեմբերի 29-ին ԱԺ Հանրապետական խմբակցությունը կողմ կքվեարկի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծին:
«Չի կարելի հընթացս փոխել խաղի կանոնները, հատկապես եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերին, ամենայն հավանականությամբ, տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է դրան նախապատրաստվի»,- նշեց նա: