Եթե ԱՄՆ-ից կլինի մեզ համար զենք գնելու շահավետ առաջարկ՝ մենք կքննարկենք. Փաշինյան
Կառավարությունը որևէ կերպ սահմանափակված չէ, եթե ԱՄՆ-ից սպառազինություն ձեռք բերելու շահավետ առաջարկ կլինի մեզ համար՝ մենք կքննարկենք: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի ԺՊ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ Ադրբեջանի նման՝ Հայաստանն էլ ԱՄՆ-ից զենք գնի՝ հետևելով ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի կոչին:
«Եթե ԱՄՆ-ից կլինի մեզ համար շահավետ առաջարկ, մենք կքննարկենք»,- ասաց Փաշինյանը։
Նա արձագանքեց նաև Բոլթոնի հայտարարությանն, ըստ որի՝ ընտրություններից հետո, հաշվի առնելով Փաշինյանի բարձր վստահությունը, որոշիչ քայլեր կլինեն Ղարաբաղի հարցում:
«Ջոն Բոլթոնը խոսում է իր անունից, և՛ Ջոն Բոլթոնը, և՛ ընդհանրապես որևէ մեկը չի կարող խոսել իմ անունից»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե Բոլթոնը նկատի ուներ այն, որ վարչապետն ունի բարձր վստահություն, որը հնարավորություն կտա առաջնորդելու հիմնախնդրի լուծումը, Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ հնարավորություն կտա, բայց դա չի կարող լինել որևէ լուծում, որն ընդունելի չի լինի հայ ժողովրդի համար:
«Այս հարցում եկեք պայմանավորվենք, որովհետև մինի փոթորիկներ են էլի կազմակերպում համացանցում. չի կարող լինել լուծում, որ ընդունելի չէ հայ ժողովրդի կողմից՝ ՀՀ և Արցախի ժողովրդի համար: Իսկ հարցի գլոբալ կարգավորման համար, հասկանալի է, որ այդ լուծումը պետք է ընդունելի լինի նաև Ադրբեջանի ժողովրդի համար, և մենք պետք է լինենք հրապարակային»,-ա սաց նա: