Նախիջևանյան ուղղությամբ ընդամենը 2 կրակոց է եղել. Դավիթ Տոնոյան
«Ես իրականում չեմ կարող գնահատել այն դաժանությունը, որ կատարվել էր Հոկտեմբերի 27-ին, և իրականում ինչ-որ մի բան վերևից անարդարություն կար, մասնավորապես, մեր Սպարապետի նկատմամբ»: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ նշելով, որ Սպարապետի կորուստն անդառնալի կորուստ էր։
Նախարարը «Եռաբլուր» էր եկել մի շարք զինվորականների և Սպարապետ Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի հետ՝ ծաղիկներ դնելու Վազգեն Սարգսյանի շիրիմին և հարգելու նրա հիշատակը։
Դավիթ Տոնոյանը հավատում է, որ Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները կբացահայտվեն:
Նախարարը, պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև սահմանին տիրող վիճակին: Նա նկատեց, որ այս պահին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայուն է։
«Հրադադարը հիմնականում պահպանվում է և՛ պաշտպանության բանակի շփման գծի, և՛ ՀՀ սահմանների, և՛ Նախիջևանի սահմանների ուղղությամբ։ Նախիջևանյան ուղղությամբ ընդամենը 2 կրակոց է եղել, այն էլ, կարծում ենք՝ պատահական»,- ասաց նախարարը։