Վարչապետն ասում է, որ չի միջամտում դատական գործերին, բայց այդ հայտարարությունից հետո ենթադրելի է, որ ներգրավված է. Ռուստամյան
«ՀՅԴ» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը չի կարծում, թե պատգամավորի նկատմամբ գործ հարուցելու մասին առաջինը վարչապետը պետք է խոսեր:
Այդ մասին Ռուստամյանն ասաց լրագրոների հետ ԱԺ ճեպազրույցում՝ անդրադառնալով վարչապետի ժՊ Նիկոլ Փաշինյանի ելույթին:
Պատգամավորի համոզմամբ՝ այդ մասին պետք է առաջինը իրավապահները հայտնեին, բայց քանի որ վարչապետը հայտարարեց, ապա, ըստ նրա, դա մի բան է նշանակում, որ Փաշինյանը ո՛չ միայն է միջամտում, այլև անմիջապես ներգավված է, քանի որ բավականին տեղեկացված է:
«Մի կողմից՝ վարչապետը հայտարարում է, որ չի միջամտում դատական գործերին, մյուս կողմից՝ բավական լավ տեղեկացված էր»,- նկատեց Ռուստամյանը:
Դիտարկմանը, թե Փաշինյանը երկրի վարչապետն է, և նրան զեկուցվում է այդ ամենի մասին, «ՀՅԴ» խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Վարչապետն ավելի տեղեկացված պետք է լինի, քան մնացածները, բայց տիրապետել հարցի ամբողջ գործընթացին, սա մի քիչ այլ տեղ է տանում: Նման հայտարարություններից հետո ենթադրելի է, որ ոչ միայն տիրապետում է, այլ նաև դրա մեջ ներգրավված է, և դա կարող է այլ հետևությունների տեղիք տալ: Դրա կարիքը չկար, որ մինչև հարցի՝ ԱԺ բերելը վարչապետը հայտարարեր դրա մասին: Եթե սա արվեց քաղաքական նպատակներով, ուրեմն լավ չէ»,-ընդգծեց Ռուստամյանը:
Ամեն դեպքում, նա բացառում է, որ կաշառքի գործով ձերբակալվողներից առաջինը կլինի ՀՅԴ-ից: Բացի այդ, նա նկատում է. «Եթե մի կողմ դնենք այն, որ այդ հայտարարությունն արեց վարչապետը և քննարկենք միայն կաշառքի փաստը, ապա պետք է յուրաքանչյուր պատգամավոր հստակ գիտակցի, որ չպետք է պատսպարվի անձեռնմխելիության ներքո: Եթե ներկայացվի համապատասխան գործ, և համոզված լինենք, որ դա ճիշտ է՝ մենք երբեք չենք խոչընդոտել, հիմա էլ չենք խոչընդոտելու, որ քննությունն ամբողջությամբ ընթանա»,- եզրափակեց պատգամավորը: