Ժիլետով տղան Մոսկվայում, Քոչարյանը՝ Հայաստանում՝ կսպասեն թմբիրի ավարտին
Բավականին տևական դադարից հետո ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կրկին հայտնվեց հայաստանյան մեդիայի ուշադրության կենտրոնում:
Այսօր հայտնի դարձավ, որ Կարապետյանը կարող է ներառվել ռուսական «Զառուբեժնեֆտ» («Зарубежнефть») պետական նավթային ընկերության տնօրենների խորհրդի կազմում:
Այդ մասին գրել է kommersant.ru-ն՝ նշելով, որ այս նշանակումը կարող է լինել ինչպես քաղաքական ժեստ, այնպես էլ ռուսական պետական ընկերություններում Կարապետյանի հարուստ փորձի (2000-2010թթ.) արդյունք:
Անկասկած, այս նշանակումը հայաստանյան ներքաղաքական կյանքում տեղի է տվել նոր մտահոգությունների՝ հաշվի առնելով կարապետյանական կապերը Պուտինի հետ:
Կարապետյանն այս համատեքստում խաղում է երկու լարի վրա՝ նրա կապերն ակնհայտ են նաև քոչարյանական թևի հետ, ու երբ հիշում ես Պուտինի ջերմ շնորհավորանքը Ռոբերտ Քոչարյանին, հասկանում ես, որ սա, իսկապես, կարող է քաղաքական ժեստ լինել:
Չի բացառվում, որ կրկին Ռուսաստան գնալով, Կարապետյանն էլ ավելի խորացնի հարաբերություններն՝ այս անգամ բիզնեսից բացի առանցքում պահելով նաև քաղաքականությունը:
Ու հենց այդ քաղաքականությունն է, որ կարող է օգտագործվել հետհեղափոխական էյֆորիայի ավարտին, կամ, ինչպես ասում են՝ Փաշինյանի թիմի ձախողման պահին:
Չի բացատվում, որ հենց Կարապետյանն այդ ժամանակ դառնա էյֆորիայի թմբիրից դուրս եկած հասարակության ադեկվատ հատվածին կոնսոլիդացնողը, որի հենման կետը կարող է դառնալ Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Իսկ մինչ թմբիրի ավարտը Կարապետյանը կաշխատի՝ արդյունքն անհրաժեշտ պահին փոխադրելով Հայաստան: