Արամ Հարությունյանն ու Միհրան Պողոսյանը կաշառքի գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունեն. ՀՔԾ պետ
Երեկ ԱԺ-ում իր ելույթի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե առաջիկայում կալանավորվելու է պատգամավոր՝ խոշոր կաշառքի գործով:
Այնուհետև մամուլում սկսեցին շրջանառվել անուններ, որոնք «կասկածյալների» շարքում էին դասվել:
Հնչեցին ՀՀԿ-ական պատգամավորներ Միհրան Պողոսյանի՝ Քեթրինի Միհրանի, այնուհետև Արամ Հարությունյանի՝ Բուլկի Արամի անունները: Այսօր արդեն՝ կառավարության նիստից հետո, ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հերքել է նրանց մասին տարածված լուրերը:
Հարցին, թե շրջանառվում է Արամ Հարությունյանի անունը, նրա նկատմամբ կա՞ հարուցված քրեական գործ, Սասուն Խաչատրյանը պատասխանեց. «Անձի նկատմամբ, եթե գործ լինի հարուցված, ապա նա պետք է ունենա կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ: Նշված անձը տվյալ գործով մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակ չունի»:
Ինչ վերաբերում է Միհրան Պողոսյանին, ապա նա ևս կասկածյալների և մեղադրյալների շարքում չէ: «Միհրան Պողոսյանը որևէ գործով որպես կասկածյալ կամ մեղադրյալ ներգրավված չէ»:
Իսկ թե ում մասին է ակնարկել Նիկոլ Փաշինյանն իր ելույթում՝ ՀՔԾ պետը հրաժարվեց մեկնաբանելուց: