Փաշինյանը վախենում է գլխացավանքից և քննադատություններից
Նիկոլ Փաշինյանի համար հայ ընտանիքը բարձրագույն արժեք է և անփոխարինելի մոդել, բայց նա դեմ չէ նույնասեռականներին: ԱԺ-ում իր ելույթի ժամանակ, վարչապետի պաշտոնակատար Փաշինյանը մի դեպք պատմեց:
Իր փարիզյան այցելության ժամանակ հյուրանոցում նրան սուրճ է մատուցել հայ երիտասարդ, ով արտագաղթած է եղել Հայաստանից: Փաշինյանը նրան հորդորել է վերադառնալ, քանի որ հեղափոխություն է եղել, սակայն վերջինս նշել է, թե հազիվ է փախել Հայաստանից:
Երիտասարդը պատմել է վարչապետին, որ այդ քաղաքում է իր ընկերոջ հետ, ով ևս Հայաստանից է և նույն քաղաքից: Փաշինյանը նկատեց, որ այս պատմությանն անդրադարձավ մի պատճառով՝ նույնասեռականների խնդիրը քննարկելիս պետք է հասկանալ՝ դա մեզ համար իսկապես խնդի՞ր է, թե՞ ոչ:
«Աշխարհի ցանկացած երկրում և Հայաստանում կան մարդիկ, ովքեր ունեն ոչ ավանդական սեռական կողմնորոշում: Մենք ընդունում ենք, որ նրանք կան, իսկ եթե ընդունում ենք՝ ի՞նչ ենք անում: Սովետական միության ժամանակ ամեն ինչ պարզ էր, կար քրեական օրենսգիրք, որի հոդվածի համաձայն՝ բանտարկում էին... իսկ այսօր արդեն, ինձ համար դա՝ որպես թեմա, գլխացավանք է, քանի որ տարբեր կարծիքներ են լինելու, քննադատելու են՝ մեկն ասի, թե ինչի՞ էդպես ասեցի, էն մյուսն ասի՝ ինչի՞ նենց չասեցի, բայց եկեք որոշենք՝ ի՞նչ ենք անելու այդ մարդկանց հետ, երկրից դուրս ենք անելու, չենք ընդունելու, պատժելու ենք, թե՞ ինչ անենք...»,-ասաց Փաշինյանը՝ ինքն այդ հարցի պատասխանը չտալով:
Նա գիտի միայն, որ պետք է ճիշտ լուծում տալ հարցին, ու չշրջանցել, բայց գոնե առայժմ, չգիտի՝ ինչպես: Ամեն դեպքում նրա համար ակնհայտ է, որ եթե հիմա այդ հարցին լուծում չտրվեց, ապա 20 տարի հետո կառավարությունը դարձյալ խնդրին առնչվելու է: