Արական սեռի երկու ներկայացուցչի ինչպիսի՞ շփումից պետք է գոյանա սերունդ. Գևորգ Պետրոսյան
ԱԺ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հանդեպ անձնապես ոչինչ չունի, սակայն նկատում է, որ այդ հարցը շոշափում է երկրի անվտանգության թեման:
Նա ԱԺ իր ելույթի ժամանակ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին խնդրեց թույլ չտալ նույնասեռականների համաժողովն ու երթը։
«Մեզ համար ամենամեծ սպառնալիքը մեր ավանդական ընտանիքի հավանական խոյահարումն է։ Ես խնդրում եմ, հորդորում եմ, որ մեր ուժերը համախմբենք և ամեն օրինական և թույլատրելի հնարավորն անենք մեր ավանդական ընտանիքների պահպանման համար»,- ասաց նա։
Իսկ արդեն ավելի ուշ, ԱԺ միջանցքում լրագրողների հետ զրույցում Գևորգ Պետրոսյանն, անդրադառնալով խնդրին, նկատեց, որ արական սեռի երկու ներկայացուցչից չի կարող սերունդ գոյանալ:
«Ես եթե մասնակցեմ համասեռամոլների դեմ բողոքի ցույցին՝ ոչ թե որպես պատգամավոր եմ մասնակցելու, այլ որպես հայ մարդ, հայ տղամարդ, որ սկզբունքորեն դեմ է, որ համասեռամոլությունը թափանցի ավանդական ընտանիք։ Գիտեմ, որ այս ելույթիցս հետո շատերն են գրոհելու իմ ուղղությամբ, բայց դա ինձ չի վախեցնում, եթե ինձ պետք է վախեցնի ավանդական ընտանիքի մասին խոսելը, ուրեմն ամոթ է, որ ես ընդհանրապես Հայաստանի պետական ապարատում տեղ ունենամ»,- ասաց պատգամավորը։
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանում առանց այն էլ ծնելիության ցածր ցուցանիշ է գրանցված, իսկ այս դեպքում վիճակն ավելի կվատանա:
«Պատերազմող երկիր ենք, շատ հետաքրքիր է՝ արական սեռի երկու ներկայացուցչի ինչպիսի՞ շփումից պետք է գոյանա սերունդ, որն ապագայում ստանձնի սահմանների պաշտպանությունը։ Ձեզ հայտնի՞ է այդպիսի միջոց։ Ես, որքանով գիտեմ, այդպիսի միջոց չկա»,- նշեց Պետրոսյանը:
Նա պատրաստ է աջակցել միասեռականների դեմ ժողովրդական շարժմանը։
«Ես չեմ ասում՝ տվեք, իրենց սպանեք, բռնության կոչ չեմ անում, ես ընդամենը դեմ եմ, որ այդ երևույթները թափանցեն հայկական ընտանիք ու մեր ուսումնական հաստատություններ։ Գտնում եմ, որ մեզ համար դա ազգային և պետական անվտանգության սպառնալիք է»,- եզրափակեց Պետրոսյանը։