Շանթին բանտից հանելու համար «սպեցնազ» է պետք. Փաշինյանը Շանթ Հարությունյանի արդարացման գործին չի խառնվի
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ նիստի ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին առաջարկեց ճանապարհ գտնել՝ քաղաքական հետապնդման ենթարկված մարդկանց արդարացնելու համար:
«Հինգ ամիս է՝ Ձեր հարևանությամբ ապրում է Սերժ Սարգսյանը, իսկ իմ ընկեր Վանո Սիրադեղյանը երկրում չէ, իմ ընկեր Շանթ Հարությունյանը բանտում է, սրանք շատ ցավոտ խնդիրներ են, և իրավական լուծում, հավանաբար բարդ է գտնել, բայց անհնարին բան չկա»,- ասաց Զուրաբյանը:
Արձագանքելով նրան ու անդրադառնալով Շանթ Հարությունյանին ազատ արձակելու խնդրին՝ Փաշինյանը նշեց, որ Շանթն ինքը չի ցանկանում դուրս գալ.
«Շանթ Հարությունյանին արդեն հինգ ամիս է՝ խնդրում եմ, որ բանտից դուրս գա։ Մենք ստացել ենք գրություն, որտեղ ինքն ասում է՝ ես դուրս չեմ գա ոչ պայմանական վաղաժամկետ, ոչ համաներումով, ոչ էլ ռեժիմը փոխելով։ Շանթ Հարությունյանին բանտից հանելու համար պետք է ուժային գործողություն ծավալել՝ դիմակավորված սպեցնազը մտնի ու բանտից հանի դուրս, դռները փակի, որ ինքը նորից ներս չմտնի»,-ասաց Փաշինյանը։
Նա նկատեց, որ Հարությունյանը պահանջում է իրեն արդարացնել։
«Ո՞վ պետք է արդարացնի։ Դատարանը, չէ՞։ Ի՞նչն է խանգարում, որ նրա պաշտպանները համապատասխան հայցով դիմեն դատարան։ Բայց մինչև այժմ չեն դիմել։ Ես հիմա եթե ասեմ՝ գնացեք, դիմեք դատարան, ինձ կասեն՝ բա դու, որ էդպես ես ասում, դատարանը կարդարացնի՞։ Հետո կառաջանա խնդիր՝ ես զանգեմ դատավորին, ասեմ՝ արդարացրու։ Եթե ես հիմա զանգեմ, ասեմ՝ արդարացրու, անխուսափելիորեն վաղը զանգելու են ինձ, որ հիմա էլ ասեմ՝ կալանավորի կամ մի կալանավորի։ Եթե մի անգամ զանգ արվի դատավորին, ապա այդպես կշարունակվի երկար, նաև հետագայում ու հետո կպարզվի, որ ոչ մի դատավոր առանց քեզ վճիռ չի կայացնում»,-արդարացավ Փաշինյանը: