Առանց ծափերի և առանց ոգևորության. ինչպես հանրությունը պատասխանեց Մարությանի դատարկախոսությանը
Երեկ՝ Երևանի 2800-ամյակին, առաջին անգամ մասշտաբային տոնակատարության ժամանակ ելույթ ունեցավ նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, ով խոսեց շուրջ 5 րոպե, բայց չասաց ոչինչ:
Դպրոցական երեխայի շարադրության տեքստով ելույթը Հայկ Մարությանի խայտառակության սկիզբն էր, քանի որ այս մեկնարկով ցույց տվեց իր ոչ կոմպետենտությունը: Մարությանը կարող էր այդ կերպ ելույթ ունենալ որպես դերասան կամ որպես սցենարիստ, բայց ոչ որպես քաղաքապետ, ով իր սեղանին լրջագույն խնդիրներ ունի դրված:
Երևանն այն քաղաքն է, ուր անելիք կա սկսած տարրական աղբահանությունից ու ջրամատակարարումից, վերջացրած՝ քաղաքի կոլորիտի պահպանումով ու բարձր իմիջի ձևավորումով և այս դեպքում անթույլատրելի է ունենալ քաղաքապետ, ով իր ուսերին չի կրում քաղաքի հոգսը:
Մարությանն իր ելույթով բազմիցս հայտարարեց, որ սիրում է Երևանը, իսկ ինչպե՞ս է իր սերը նա գործնականում արտահայտելու՝ ոչի՛նչ չասաց, ոչի՛նչ չխոսեց իր հետագա անելիքների և պլանների մասին, ո՛չ մի ծանրակշիռ խոսք, միայն հուզախառն դատարկաբանեց այսպես.
«Ես հպարտ եմ, որ ապրում եմ այստեղ, մենք հպարտ ենք, որ ապրում ենք Երևանում, ծնվել ենք Երևանում, մեծացել ենք, կազմել ենք ընտանիքներ, մենք երջանիկ ենք: Գիտե՞ք ինչու, որովհետև մեր երեխաները ապրելու են Երևանում և այս պահին ես շնորհավորում եմ՝ հարգելի՛ երևանցիներ, Ձեզ՝ ես շնորհավորում եմ համայն հայությանը այս պատմական օրվա առթիվ և միայն մի միտք է գնում գալիս իմ մտքում, իմ սրտում, մի բառակապակցություն, որ ամբողջ օրը պտտվում, պտտվում, պտտվում էր՝ սիրում եմ քեզ Երևան, սիրում եմ քեզ Երևան, սիրում եմ քեզ Երևան, սիրում եմ քեզ Երևան, սիրում եմ քեզ Երևան, սիրում եմ քեզ Երևան»:
Սա թերևս մեր երկրի պրոբլեմն է դարձել: Նոր իշխանությունների ժամանակ կադրային սովն այնքան է խորացել, որ երկու կապակցված խոսք լսելը դարձել է լուրջ խնդիր:
Հետաքրքիր է նաև, որ աուդիտորիան Մարությանի տապալված ելույթին համարժեք պատասխանեց՝ գրեթե չկային ծափեր, չկար ոգևորություն: Սա է մեր քաղաքապետը, սա է մեր տոնը:
Գալուստ Գրիգորիչ, ականջդ կանչի, քո՝ «երեխաները պարտավոր են մեծանալ» դարակազմիկ մտքին եկել է փոխարինելու Մարությանի ելույթը: