Խոհեմություն կամ սաբոտաժ. Նաիրա Զոհրաբյանը բարեկամական կոչով դիմեց ԱԺ-ին
Բոլորս պիտի հասկանանք, որ երկրում ստեղծված է ոչ ստանդարտ քաղաքական իրավիճակ. դեկտեմբերին տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այստեղ մենք պիտի լինենք կամ խոհեմ, կամ ոչ: Այլ ընտրություն չկա: Այդ մասին Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Կա՛մ մենք գնում ենք նոր Ընտրական օրենսգրքով, որն էականորեն բարելավում է ընտրական ընթացակարգերը, կա՛մ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով, և մենք դեկտեմբերյան ընտրություններին, որն անխուսափելի է, գնում ենք հին Ընտրական օրենսգրքով»,- ասաց նա՝ դիմելով պատգամավորներին:
Նաիրա Զոհրաբյանը քաղաքական բոլոր ուժերին հորդորեց գնալ խոհեմության ճանապարհով, գնալ քաղաքական կոնսենսուսի, այն է՝ քաղաքական համախոհության ճանապարհով:
«Ասել, թե մենք ժամանակ չենք ունեցել Ընտրական օրենսգիրքը քննարկելու... ես և իմ ընկերներն ԸՕ աշխատանքային խմբի անդամ էինք և ամառվա ամիսներին այն հանգամանորեն քննարկել ենք, և էական փոփոխություն չի եղել: Ավելին՝ ավելացվել են մի քանի առավել կարևոր սկզբունքային դրույթներ»,- նշեց պատգամավորը:
Նա բարեկանմական կոչ արեց՝ թույլ տալ՝ ընդունվի Ընտրական օրենսգիրքը, «որպեսզի առաջիկա արտահերթ խորհրդարական ընտրություններն ընթանան շատ ավելի քաղաքական, ավելի բարելաված ԸՕ-ով, քան այն օրենսգրքով, որն ապաքաղաքականացրեց 2017-ի ապրիլյան ընտրությունները: Նոր ընտրական օրենսգիրքը շավ տ ավելի լուրջ խնդիրներ է լուծում, քան հինը: հորդորս բարեկամական էր»,- եզրափակեց Զոհրաբյանը: