Պարզվել է Գյումրիում նորածիններին պոլիթիլենային տոպրակով գետնին թողած մոր ինքնությունը. նա 18-ամյա արարատցի է
Հոկտեմբերի 17-ին, ժամը 20.00-ին, Գյումրու Շիրակացի թիվ 10 հասցեում գտնվող Ֆ.Նանսենի անվան գիշերօթիկ հաստատությունից ոստիկանության Մուշի բաժին ահազանգ էր ստացվել, որ հաստատության բակում հայտնաբերել են երկու բարուրված նորածին տղա երեխաներ:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն հաստատության աշխատակիցները ժամը 19.40-ին հաստատության բակում, գետնին դրված պոլիէթիլենային տոպրակի մեջ բարուրված վիճակում հայտնաբերել են երկու նորածին տղա երեխաների:
Երեխաները հանձնվել են Գյումրի համայնքի «Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի» ներկայացուցչին՝ նրանց հետագա խնամքը կազմակերպելու և համապատասխան հաստատությունում տեղավորելու համար:
Ձեռնարկվում են միջոցառումներ երեխաների ծնողներին և հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր: Այդ մասին ասված էր ոստիկանության երեկվա տարածած հաղորդագրության մեջ: Այսօր արդեն ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գիշերօթիկ հաստատության բակում հայտնաբերված երեխաների մոր ինքնությունը: Նա Արարատի մարզի 18-ամյա բնակչուհի է, որը բերվել է ոստիկանության Մուշի բաժին: Արարքի դրդապատճառները պարզվում են: Կատարվում է քննություն: