Տնտեսությունը դիվերսիֆիկացվելու փոխարեն՝ էլ ավելի է քայքայվում. Ալավերդու պղնձաձուլական գործարանը փակվել է
Այսօր փակվեց Ալավերդու պղնձաձուլական գործարանը, դադարեցվեց վառարանի աշխատանքը, փակվեց Հայաստանի միակ պղնձաձուլարանը, որը համայնքի հիմնական զբաղվածության օջախն էր։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է ՀԾԿ անդամ Վահե Մոսինյանը:
Նրա գնահատմամբ՝ սա մեծագույն հարված է Ալավերդի համայնքին, ազգաբնակչությանն ու ողջ երկրին։
«Անթույլատրելի մի արարք, որն իր ծանր հետևանքներն զգացնել կտա շատ արագ։ Տնտեսությունը դիվերսիֆիկացվելու փոխարեն՝ էլ ավելի է քայքայվում։ Միայն խոսելով չի, գործ պետք է արվի, գործ։ Մեռանք ճառեր լսելով․․․ իսկ ժողովուրդն աչքները ջուր կտրած մի «զանգ կախողի» են սպասում․․.»,-գրել է Վահե Մոսինյան:
Լրագրող Հրաչյա Պապինյանն էլ ֆեյսբուքյան իր էջի գրառմամբ, մեջբերելով մասնագետների խոսքը՝ նշել է, որ Հայաստանում պղնձաձուլության 3000 հազարամյա պատմության վերջին էջը փակվեց արդեն վերջնականապես և այսուհետ անհնար կլինի վերսկսել արտադրությունը: Հրաչյա Պապինյանի տեղեկություններով՝ աշխատողներին ազատման վերաբերյալ նախազգուշական թերթիկներ են բաժանում:
«Սա ամենամեծ «նվերն էր» Ալավերդցիներին, «շնորհավորում եմ գրանտակեր «բնության ու առողջության համար սրտացավ տեղական ամե....րին», բայց դրա փոխարեն կմեծանա ՌԴ-ի հետ ավտոբուսային կապերը, բարի ճանապարհ դեպի Ռուսաստան 600 բանվորներ, որ ավելացված արժեք էիք ստեղծում պատերազմող երկրի համար, որ ապրիլյան քառօրյային վազեցիք սահման, որ առաջիկա մեծ պատերազմում պոտենցիալ զինվորներ էիք լինելու, սահմանապահներ, կորցրիք թե աշխատանք և թե տուն-տեղ: Ինչպե՞ս են ձեր ընտանքիները ճկվելու նույն ՎՏԲ բանկի վարկային ու ապառիկ պարտքերի լծի տակ, միայն աստծուն է հայտնի»,- գրել է Հրաչյա Պապինյանը: