Պահը հասունացել է, նախարարության միջամտությունն անխուսափելի է․ ՀԲՖ փոխնախագահ (տեսանյութ)
«Մենք դեմ ենք կողմնապահությանն ու անարդարությանը», «Վերջ կոռումպացված ֆեդերացիային». այս գրությամբ պաստառնեով մի խումբ բռնցքամարտիկներ և մարզիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել։
Նրանք հավաքվել էին Սպորտի և երիտասարդության նախարարության շենքի դիմաց և պահանջում էին անցկացնել Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի նոր, արդար ընտրություններ:
Ըստ նրանց՝ 12-րդ համագումարում կայացած ընտրություններն անցել են խախտումներով, որի արդյունքում Արթուր Գևորգյանը վերընտրվել է նախագահի պաշտոնում:
Ակցիայի կազմակերպիչները մի քանի րոպե փակեցին Աբովյան փողոցի երթևեկությունը։ Նրանք պահանջում էին հանդիպում նախարարի հետ, որպեսզի նախարարությունն իրենց աջակցի ֆեդերացիայի ընտրություններ անցկացնելու գործում։
Սպորտի նախարարի պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանը, հանդիպեց երիտասարդներին՝ հորդորելով նրանց բանակցել սեղանի շուրջ։
«Պատուհանից նայեցի, տեսա, որ փողոցն եք փակել և բողոքի ակցիա եք իրականացնում և եկա ձեր պահանջը լսելու: Չի կարելի այսպես հարցին լուծում տալ, քաղաքի, երթևեկության բնականոն աշխատանքը խանգարել: Ես հասկանում եմ բոլորի անհանգստությունը: Փողոց փակելով՝ այս խնդրին լուծում չենք տա: Եկեք նստենք մեկ սեղանի շուրջ և քննարկենք»,-ասաց նա՝ հավելելով, որ նման ձևով կարող է տուժել բռնցքամարտը։
Նա նաև խոստացավ շատ արագ կազմակերպել քննարկում կլոր սեղանի շուրջ։
Մանրամասները՝ տեսանյութում