«Անակնկալներ ամեն օր լինում են»․ Արտգործնախարարն ԱՄՆ դեսպանի հայտարարության մեջ տողատակ չի տեսնում
«Մենք աշխատում ենք մեր դիրքորոշումների շրջանակում, բանակցում ենք մեր դիրքորոշումների շրջանակում և շարունակելու ենք անել ամեն ինչ մեր դիրքորոշումների շրջանակներում»։ Այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը՝ ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին։
Նա նկատեց, որ ավելացնելու ոչինչ չունի, և արդեն, ինչպես վարչապետը, այնպես էլ ԱԳՆ-ն հայտնել է իր դիրքորոշումը, այն է՝ հեռացող դեսպանի հայտարարություն էր և այլ տողատակ չի տեսնում։
Հարցին, թե անակնկա՞լ էր նման հայտարարությունը, Մնացականյանն արձագանքեց. «Անակնկալների մասին չեմ ուզում խոսել։ Անակնկալներ ամեն օր լինում են»։
Հիշեցնենք, որ EVN Report ամսագրի հետ հարցազրույցում Հայաստանում ԱՄՆ արդեն նախկին դեսպան Ռիչարդ Միլսը հայտարարել է, թե «Դաժան իրականությունն այն է, որ ղարաբաղյան հակամարտության ցանկացած կարգավորում կպահանջի «գրավյալ տարածքների» մի մասի վերադարձ, չնայած այնպիսի իրադարձություններ, ինչպիսին 2016 թվականի ապրիլյան պատերազմն էր, հայ ժողովրդի համար դա առավել դժվար են դարձնում»: