Պարտադիր չէ, որ վարչապետը մեզ անընդհատ հիշեցնի ասֆալտին փռելու մասին, մեկ անգամ ասել է, վերջացավ․ Օսիպյան (տեսանյութ)
ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը վստահեցնում է, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ ընտրացուցակներում անհամապատասխանությունները եզակի բնույթ են կրել։
Նա այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նկատեց, որ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում ևս կլինեն նման ցուցակներ և խոստացավ, որ ոստիկանության աննախադեպ վերահսկողության շնորհիվ ընտրությունները հարթ կանցնեն։
Թե ինչ նկատի ունի «աննախադեպ վերահսկողություն» ասելով և արդո՞ք քրեական տարրերի ներգրավվածությունը բացառվելու է, Վալերիյ Օսիպյանը պարզաբանեց, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, և չեն տարանջատվում քրեական տարրերը։
«Մենք չենք տարանջատում քրեական տարր կամ այլ տարր. օրենքի առջև բոլորը հավասար են, և ոստիկանությունը պատրաստ է գերազանց անցկացնել Ազգային ժողովի ընտրությունները»,- ասաց Օսիպյանը։
Թեև Օսիպյանը նախկինում եղել է Երևանի փոխոստիկանապետ և ծառայել է նախկին համակարգին, սակայն, չգիտես ինչու, նշեց. «Ես չգիտեմ՝ նախկինում ոնց է եղել, ամեն դեպքում՝ ես իմ ծառայության պատասխանատվությունն եմ կրում»,- ասաց նա՝ հավելելով, որ գոհ է ոստիկանության աշխատանքից։
Հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված ոստիկանության նախկին աշխատանքի նման պատկերը, եթե ոստիկանության շարքային աշխատակիցները չեն փոխվել, հնարավո՞ր է, որ քաղաքական հրահանգ է եղել, Օսիպյանը պատասխանեց․ «Ժամանակաշրջանն է ստիպել, որ մեր մոտեցումներն այլ լինեն և ներկայիս ստեղծված իրավիճակին ոստիկանությունն ըմբռնմամբ մոտեցավ՝ իմ տված հանձնարարականներն ու հրամանները կատարեցին ճիշտ և ժամանակին»։
Ինչ վերաբերում է «ասֆալտին փռելու»՝ վարչապետի կողմից տված հրահանգին, որի մասին վերջին շրջանում վարչապետը չի հիշեցնում, ապա Օսիպյանը նկատեց․ «Պարտադիր չէ, որ վարչապետն ամեն օր դա մեզ հիշեցնի, մենք այդ աշխատանքը շարունակում ենք»։
Մանրամասները՝ մեր տեսանյութում