Սրիկայությունից, զրպարտությունից և անբարոյականությունից ո՜վ է խոսում
Արարատ Միրզոյանը գրառում է կատարել, որտեղ նեղսրտել է, թե իր մայրը սև խավիարից չի թունավորվել, այլ աջիկայից ու որ ԶԼՄ-ները «բանսարկությամբ» են զբաղվել, ապա իբրև թե մեծահոգություն է ցուցաբերել՝ դատական հայց չի ներկայացնելու, քանի որ ժամանակ չունի: Ավելին՝ կրկին մեծահոգաբար թույլ է տալիս մամուլին ազատ աշխատել. «Ազատ մնացեք, նույնիսկ սրիկայության ու անբարոյականության մեջ»,- գրել է նա:
Ինձ համար իրականում զարմանալի է սրիկայությունից, զրպարտությունից և անբարոյականությունից ինչպես է խոսում մի մարդ, ով ֆեյքերի բուծարան է պահում ու զարգացնում, ում հասցեին մի թթու խոսք, մի խիստ քննադատություն և հարյուրավոր ֆեյքեր վրա կտան, թե ինչու եք փոխվարչապետին քննադատում՝ թողեք, թող աշխատի:
Արարատ Միրզոյանն այդպե՞ս է մեծահոգություն ցուցաբերում, այդպե՞ս է սեր ու հանդուրժողականություն դրսևորում, թե գիտի՝ ոչ ոք չի գտնվի՝ հասկանալու, թե քանի ֆեյք ունեն և ինչ «գործառույթներ» են դրված նրանց ուսերին:
Եթե պետք լինի փոխվարչապետին և եթե նա հանկարծ ասելիքս համարի կեղծ, կարող եմ ուղարկել ինձ ուղղված այն նամակներն ու հայհոյանքները, որ այդ «բուծարանից» են դուրս գալիս՝ ի պատասխան մեր հրապարակումների:
Սարսափելի է մտածել, որ հեղափոխական գործիչներն այնքան թույլ ու չգնահատված են, որ ապավինում են այդ ֆեյքերի օգնությանը. ամոթ է ու հենց դա է մեր երկրի խայտառակությունը՝ կեղծ հեղափոխականներ՝ կեղծ դիմակներով: Այդպիսին եք դուք, ոչինչ՝ ավելին:
Արարատ Միրզոյանին խորհուրդ կտամ իր «զոմբիներին» պատվերներ իջեցնելուց առաջ, հիշել, որ այս երկրում գաղտնիքներ չեն մնում, մի օր էլ իրենք չեն լինի իշխանության գլխին և իրենց արածն ու չարածն անպայման կբացահայտվի, ու շատ հնարավոր է՝ ժողովուրդը հենց իրենց նետի աղբարկղերը:
NEWSPRESS.am-ի հիմնադիր
Արմենուհի (Արիանա) Հովսեփյան