Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը. Գևորգ Կոստանյան
Ինձ դժվար է մեղադրել անսկզբունքայնության մեջ՝ հիմնավոր կերպով: Այստեղ սկզբունքայնության շեղման ընդհանրապես դրսևորում չկա` մի քանի պատճառով: Ցանկացած մարդ, ով պետական ծառայության հետ որևէ առնչություն ունի, կհասկանա, որ պետական ծառայության իմաստը և կայունության երաշխիքը հենց ծառայությունն է պետությանը և հայրենիքին: Երկրորդ՝ ես երբևէ որևէ առումով իմ սկզբունքներից չեմ շեղվել և չեմ շեղվելու: Այդ մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը՝ ի պատասխան իր հասցեին հնչող քննադատությունների:
Անդրադառնալով իր կողմից արված աղմկոտ հայտարարությանը Սերժ Սարգսյանի արձագանքին, Կոստանյանը նշեց. «Սերժ Սարգսյանը շատ հարգանքով է ընդունել իմ որոշումը և միշտ ինքը հարգանքով է վերաբերում բոլորի որոշումներին: Թե մամուլում ինչ են գրում, 48-րդական հարցեր են»,- ասաց Կոստանյանը՝ հավելելով, որ խմբակցության հետ ևս հակասություններ չկան:
«Նույն օրը ֆրակցիան էլ հայտարարություն տարածեց, այդտեղ որտե՞ղ հակասություն կար»,-հարցրեց նա:
Ի պատասխան լրագրողի դիտարկման, թե՝ ի տարբերություն իրեն՝ խմբակցությունը դեմ էր դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելուն, Կոստանյանը նշեց, որ ինքը սահմանազատվել է թիմից, բայց հեռու չի պահել իրեն. «Ուղղակի ես ուզում եմ՝ դուք մշտապես հասկանաք մի կարևոր բան. ես կուսակցական չեմ, չեմ եղել և չեմ լինելու երբեք՝ մի պարզ պատճառով: Կուսակցական լինելու պարագայում դու կաշկանդված ես կուսակցական շահերով, կանոններով և կարգապահությամբ: Ես երբեք չեմ եղել կուսակցական հենց այդ նկատառումով, որ ես ո՛չ կուսակցական, ո՛չ քաղաքական կաշկանդվածություն չունենամ իմ դիրքորոշումն արտահայտելուց»:
Ինչ վերաբերում է թիմի անդամ լինելուն, ապա պատգամավորը նշեց, որ ինքը շարունակում է մնալ թիմի անդամ:
Անդրադառնալով Աշոտյանի՝ ավելի վաղ արած հայտարարությանն էլ, թե իրենց թիմի անդամների նկատմամբ ճնշումներ են եղել, Կոստանյանը զարմանքով արձագանքեց. «Ես այդ հարցի մասին չեմ էլ մտածել, որովհետև իմ նկատմամբ ի՞նչ ճնշում կարող է լինել, որևէ հարթության մեջ»: