Անանյանի օրն էլ օր չի...
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի գլխին սև ամպեր են կուտակվում: Չար լեզուները գուժում են, որ Դավիթ Անանյանը կարող է շուտով հրաժեշտ տալ պաշտոնին:
Այն, որ Անանյանի պաշտոնավարումը ծնծղաներով չընդունվեց՝ փաստ է: Նախ՝ Անանյանը մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվեց այն բանի համար, որ նոր Կառավարությունում սկզբից ընկալվեց որպես խորթ և ՀՀԿ-ի թիմում աշխատած կադր:
Բոլորն են հիշում նաև նրա վարած կադրային սկանդալային քաղաքականությունը: Օրինակ՝ ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանի քավոր, Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի շուրջ բարձրացավ քննադատության մի մեծ ալիք: Այդ ժամանակ Անանյանը «կուրծք էր ծեծում», որ Կարապետյանը պրոֆեսիոնալ կադր է, իսկ ամիսներ անց՝ նույն Կարապետյանի նկատմամբ հարուցվեց քրեական գործ:
Առհասարակ, ՊԵԿ միջին ու բարձր օղակներում վարվում է կադրային կասկածելի քաղաքականություն, որի արդյունքում այդ համակարգ են մուտք գործում աղմկոտ պատմություններում ժամանակին ներքաշված զանազան չինովնիկներ: Սա դեռ հերիք չէր, այսօր էլ պարզ դարձավ, որ ՊԵԿ-ից հավաքագրված մեծ գումարներ են անհետացել, որի մասին վարչապետին համակարգից են տեղեկացրել:
Անանյանն, իհարկե, իրեն բնորոշ ոճով Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ որևէ անհետացած գումարի մասին չգիտի և չի էլ պատկերացնում՝ ՊԵԿ-ի կողմից հավաքագրված գումարները ոնց կարող են անհետանալ: Անանյանը լրագրողներին հորդորեց՝ եթե իրենք ունեն նման տեղեկատվություն,կարող են ներկայացնել համապատասխան մարիններին:
Անանյանը նույն տոնայնությամբ նաև պաշտպանում էր Կարեն Կարապետյանին, նույն տոնայնությամբ նաև փաստերի մասին խոսող լրագրողներին ցույց էր տալիս իրավապահների տեղը, սակայն դա չխանգարեց, որ Կարապետյանի նկատմամբ քրգործ հարուցվի, այնպես որ, չի բացառվում, որ մի քրգործ էլ ապագայում հարուցվի՝ ՊԵԿ-ից անհետացած գումարների վերաբերյալ: