Անդաստիարակ իշխանությանն աղբարկղ նետելու ժամանակն է
Այսօր մի արատավոր երևույթի ականատես եղանք. ֆեյսբուքյան տիրույթում ինչ-որ մարդիկ սկել են իբրև թե ֆլեշմոբ անցկացնել՝ աղբարկղերի վրա փակցնելով թերթիկներ՝ «այստեղ կարող է լինել Արման Սաղաթելյանը»:
Սա այն է, ինչ ՔՊ-ական պատգամավոր Ալեն Սիմոնյանն էր ասում ժամանակին, իսկ այնուհետև Նիկոլ Փաշինյանը, երբ պնդում էր, թե «Սանիթեք»-ի աղբարկղերից դուրս գալ հնարավոր է, իսկ պատմության աղբարկղերից՝ ոչ: Առհասարակ, քաղաքական բառապաշարում աղբարկղ բառը բավականին լայն գործածություն է ստացել՝ հավանաբար, դա մի ներքին ձայն է, որ հուշում է ներկայիս իշխանություններին, թե ինչ է լինելու իրենց հետ, երբ ժողովրդի ստվար զանգվածը հասկանա իրենց փուչ լինելը:
Արման Սաղաթելյանը մեր խորհրդարանի այն պատգամավորներից մեկն է, ով բավականին ակտիվ է Ազգային ժողովում, հանդես է գալիս օրենսդրական նախաձեռնություններով, համենայն դեպս՝ աչքի չի ընկել պաշտոնեական դիրքի չարաշահման մասին տեղեկություններով, կիրթ է, քաղաքականության մեջ եփված և քաղաքական գործչի կեցվածքով: Ինչո՞ւ պետք է նրան աղբարկղը նետել, որովհետև այլախո՞հ է, սա՞ է սիրո և հանդուրժողականության մթնոլորտը, թե՞ քիչ-քիչ գնում ենք դեպի դիկտատուրա:
Ցուցաբերված վարքին չենք կարող որևէ անուն տալ, քան անդաստիարակության դրսևորում: Այո՛, այսօր մենք ունենք անդաստիարակ իշխանություն և այդ իշխանության անդաստիարակ համախոհներ։
Մեզ կմեղադրեն՝ ինչո՞ւ ենք ընդհանրական գրում, չէ՞ որ նրանց շարքերում կլինեն մարդիկ, ովքեր իրենց այդպիսին չեն համարի, սակայն նկարի առկայությունը համացանցում՝ թույլ է տալիս կարծելու, որ թիմում չի գտնվել մեկը, ով կհորդորեր հեռացնել այն։ Չէ՞ որ դա անդաստիարակություն է։
Այս բարձիթողի վիճակն ամենևին էլ վերադասի խնդիրը չէ. սա ժողովրդի անգործության խնդիրն է, որովհետև ծով ազատություն տալով իշխանություններին՝ ստեղծվում է այս անարխիան, ուր յուրաքանչյուրն անում է այն, ինչ մտքով անցնում է։ Երբ լինի քաղաքացիական հասարակության կամ ինչո՞ւ ոչ՝ արձակուրդ չմեկնած ընդդիմադիրների վերահսկողություն, անպայման նկարը ներբեռնողն ու ֆլեշմոբն անցկացնողն ինքը կհայտնվի աղբարկղում։