Էներգետիկայի նախարարն իմ բաջանաղն է, բայց ես չեմ միջնորդել նրա համար․ Արթուր Վանեցյան
Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին հարգում եմ, բայց նա իմ քավորը չէ։ Իմ քավորը սովորական մարդ է՝ անունը Վարդան, ազգանունը՝ Կուլիջանյան։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը՝ արձագանքելով մամուլում շրջանառվող այն լուրերին, ըստ որոնց՝ Ֆելիքս Ցոլակյանը հանդիսանում է նրա քավորը և հենց իր հովանավորությամբ էլ պաշտոն է ստացել։
«Դա ապատեղեկատվություն է, ուղղակի հիմա մի տեսակ «մոդա» է դարձել՝ Վանեցյանը էս-էն, Վանեցյանը էս․․․»,-ասաց Արթուր Վանեցյանը։
Ինչ վերաբերում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նորանշանակ նախարար Գարեգին Բաղրամյանին, ապա Արթուր Վանեցյանը նկատեց, որ այո՛, նա իր բաջանաղն է, բայց որևէ վատ բան չկա դրա մեջ, և ինքն էլ որևէ առնչություն չունի նրա նշանակման հետ։
«Մի պահ դնում ենք մի կողմ, որ Գարեգին Բաղրամյանն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, և բոլորին հարց եմ ուղղում. ուրիշ ինչ-որ մի առիթ կա՞, որով Գարեգին Բաղրամյանին կարելի է մեղադրել այս կամ այն արարքի մեջ»,-ասաց Վանեցյանը՝ հավելելով, որ Բաղրամյանը սկսել է առաջատար մասնագետից, դարձել գլխավոր մասնագետ, բաժնի պետ, վարչության պետ, որից հետո նշանակվել է էներգետիկայի փոխնախարար։
«Ես այդպիսի լիազորություն չունեմ որևէ մեկին այս կամ այն պաշտոնում նշանակելու, միայն ԱԱԾ–ում կարող եմ այս կամ այն անձին նշանակել և միայն կարող եմ տեղեկություն տրամադրել այս կամ այն անձի վերաբերյալ»,- եզրափակեց ԱԱԾ պետը։