Արտիստը
Վաղը Նիկոլ Փաշինյանը կրկին կկատարի մի արտիստիկ քայլ՝ ողջ մեդիայի ուշադրությունը սևեռելով իր վրա:
Ինչու ենք նշում արտիստիկ, որովհետև Փաշինյանը մինչ այս պահն ինչ արել է, արել է մամուլի և մեդիայի համար, իսկ իրական կյանքում հասարակությունն իր կաշվի վրա որևէ դրական բան չի զգացել, օրինակ, ո՛չ աշխատավարձի բարձրացման տեսքով, ո՛չ էլ, ասենք, էժանության:
Ի դեպ, էժանություն ասելիս միտքս եկավ ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն՝ վարչապետի վերջին այցը, երբ նորանշանակ նախարարը վարչապետի ականջին շշնջում էր, որ գազի գինը պետք է 1000 խմ-ի համար 150 դոլարի փոխարեն առնվազն լիներ 140 դոլար՝ բնականաբար, արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ ժողովրդի ականջին հասցնելով գազի էժանացման մասին ցանկալի լուրը:
Իսկ հիմա՝ ըստ էության՝ Փաշինյանի արտիստիզմի մասին:
Վաղը նախատեսված է Կառավարության արտահերթ նիստ, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի իր հրաժարականի մասին և «թևքերը քշտած» կանցնի դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը:
Իհարկե, Փաշինյանը չի կարող խուսափել լայվերից, մեկ-երկու հավաքներից, որոնց ընթացքում կրկին կխոսի հակահեղափոխության և «սև ուժերի» մասին՝ իրեն ներկայացնելով ժողովրդի նվիրյալ, ով գնում է «սև ուժերի» դեմ կուրծքը պատռելու հանուն ժողովրդի:
Սա՝ որպես բեմի մեծ արտիստ, իսկ իրականում՝ Փաշինյանը որևէ մեկի դեմ այլեւս չի պայքարում, պայքարի նրա միակ սուբյեկտը Ռոբերտ Քոչարյանն էր, սակայն նա հայտարարեց, որ չի մասնակցելու խորհրդարանական ընտրություններին՝ զրկելով վարչապետին` իր հաշվին հերոսանալու մոլուցքից:
Ռոբերտ Քոչարյանը «քար գցեց» Փաշինյանի՝ դուխով խորհրդարանական ընտրությունների ընտրարշավին մասնակցելու հնարավորությունից. չէ՞ որ,երբ կար Քոչարյանի գործոնը, Փաշինյանը ժամերով կարող էր խոսել նրա մասին, նրան քաղաքական դիակ դարձնելու մասին, իսկ ինչի՞ մասին է խոսելու հիմա. մի՞թե նախընտրական ծրագրից, գաղափարից, իսկ արդյո՞ք իր թիմն ունի այդ ամենը:
Մինչ այս պահը ականատես ենք եղել պարզապես գաղափարական ոտաբոբիկության:
Վաղվան հաջորդող 14 օրերը կարևոր են լինելու Փաշինյանի համար. նա կսադրի և կփորձի մեդիայի աչքին կրկին հերոսանալ: Մնում է հուսալ, որ հասարակության ադեկվատ հատվածը կկարողանա տարբերակել թացը չորից և Փաշինյանի թիմից, որը ծվարել է նրա շվաքի տակ՝ ապագա խորհրդարանում տեղ տալուց առաջ պահանջել գաղափարկան ծրագիր և տեսլական, քանի որ էյֆորիան արդեն իսկ իր տեղը զիջում է ռեալ պոլիտիկին: