Մարությանը կսկսի երևանցիների գրպանին խփելուց
Այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած երդման արարողությունից հետո լրագրողների հետ զրույցում քաղաքապետ Հայկ Մարությանն անդրադարձավ մի շարք հարցերի, որոնցից մեկը վերաբերում էր քաղաքային տրանսպորտի խնդրին:
Երբ Մարությանին հիշեցրեցին, որ 2013 թվականին նա դեմ է հանդես եկել տրանսպորտի սակագնի թանկացմանը, վերջինս նշեց, որ «տեղափոխվելու իրավունքն ամենակարևոր իրավունքներից է: Այն ժամանակ դա լուրջ խնդիր էր առաջացնում, բայց շատ զավեշտալի է, որ 2013 թվականից հետո 5 տարվա ընթացքում ամենի ինչի գինը բարձացել է, բացի տրանսպորտի գնից: Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էինք՝ մի՛ թանկացրեք, այս անգամ՝ որ չի թանկանում, օբյեկտիվ չի»:
Նորընտիր քաղաքապետը նաև լրացրել է իր «խորը վերլուծությունը» հետևյալով. «Նախկին իշխանությունները միգուցե վախենում էին գինը բարձրացնել, որ բողոք չլինի»,:
Արդեն մեր մի շարք հոդվածներում անդրադարձել ենք Հայկ Մարությանի անադեկվատ պատասխաններին, որոնցից ակնհայտ է դառնում, որ սույն պաշտոնյան բացարձակապես տեղյակ չէ, թե ինչի տակ է մտել, իսկ մտել է մի բանի տակ, որից եթե գլուխ չհանի, նրան չի փրկի անգամ իրեն քաղաքապետ կարգած վարչապետը:
Ստացվում է՝ հինգ տարի առաջ նա սուր քննադատում էր տրանսպորտի ուղեվարձի թանկացումը, իսկ այսօր փաստում, որ առանց թանկացման հնարավոր չէ. բա, եթե հնարավոր չէ, ինչի՞ դեմ էիր պայքարում, ա՛յ դերասան:
Ինչի՞ վրա է հույսը դրել Մարությանը. կարծում է՝ էյֆորիան այն ազդեցության ուժգնությունն ունի, որ երբ տրանսպորտի գինը թանկանա, միևնույնն է՝ ժողովուրդը ծափահարելո՞ւ է իրենց: Հո սա Քոչարյանի կամ Սերժ Սարգսյանի հասցեին ականջահաճո արտահայտություններ անել չէ՞, երբ առանց դրանց խորքը հասկանալու՝ բազմությունը ծափահարում էր իրենց: Սա ժողովրդի գրպանին կպչել է՝ առանց այդ գրպանի պարունակությունը գեթ մեկ լումայով ավելացնելու:
Խոստավանեք՝ սա սկզբի համար արդեն իսկ վատ է, շատ վատ…