Սերժ Սարգսյանի «կոստյումը» Փաշինյանին շատ դուր եկավ. հագից չի հանի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասյօր հանդիպել է Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանին և ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին՝ վերահաստատելով, որ պատրաստվում է հրաժարական տալ վարչապետի պաշտոնից։
Նիկոլ Փաշինյանն Ազգային ժողով գնաց ևս մեկ անգամ խորհրդարանի՝ իր համար ամենավտանգավոր ուժից հերթական անգամ խոստում կորզելու և համոզվելու, որ ոչ ոք «քար չի գցի» սուպերվարչապետ մնալու՝ իր երազանքի վրա։
Սուպերվարչապետություն, որի դեմ այդքան ակտիվորեն պայքարում էր, երբ ընդամենը շարքային ընդդիմադիր պատգամավոր էր՝ զերծ երազանքից անգամ, որ մի օր կարող է հագնել Սերժ Սարգսյանի «կոստյումը»։
Նիկոլ Փաշինյանի արածը՝ ափալ-թափալ խորհրդարանական ընտրություններ անցկացնելն, ըստ էության, ոչ այլ ինչ է, քան ուլտիմատում սեփական ժողովրդի նկատմամբ, քանի որ նույն ժողովուրդը բացարձակապես տեղյակ չէ, թե, օրինակ, ինչ փոփոխություններ են կատարվել Ընտրական օրենսգրքում, որն է այդ կատարած փոփոխություններից իր օգտին, որը՝ ոչ։ Ժողովրդի մի հատվածին հուզում է մի բան՝ թագավոր կարգել Նիկոլին, ինչին էլ երկու ձեռքով կողմ է Փաշինյանը, հետևաբար, ժողովուրդն, ինչպես ավագանու ընտրութունների ժամանակ, այնպես էլ դեկտեմբերին, կընտրի ոչ թե ծրագիր, գաղափար, այլ ընդամենը վարչապետ, ով ժողովրդավարության քողի տակ «սղղացնում է» իր նեղ ամբիցիաները՝ թքած ունենալով բոլոր նրանց վրա, ովքեր նեղ պահին օգնել են ու կօգնեն իրեն. ասվածի ապացույցը ՀՅԴ -ի և ԲՀԿ-ի հետ կատարվածն էր օրեր առաջ:
Նիկոլ Փաշինյանը, որպես իրական դիկտատոր, երկիրը տանում է միահեծան կառավարման հունով, ինչը լի է պետականության կորստի վտանգով, չնայած այն հանգամանքին, որ դուխով վարչապետը նույն դուխով ի վիճակի չէ Արցախյան հիմնախնդրով զբաղվել, ինչի արդյունքում էլ արդեն 5 ամիս է՝ բանակցային գործընթացը կանգ է առած: Չգիտակցելով պետության անվտանգությանը սպառնացող վտանգը, Փաշինյանն այսօր ևս մեկ քայլ արեց սուպերվարչապետի կոստյումը հագից չհանելու և սպառնալիքով իր նպատակին հասնելու համար՝ չմոռանալով բղավել, որ ինչ անում է՝ ժողովրդի համար է անում: