«Բայց ո՞վ է ասում, որ 2 ամսով եմ նշանակվել». Գեղարքունիքի նոր մարզպետը կադրային ջարդ չի անի, բարեկամներով իրեն չի շրջապատի (տեսանյութ)
Գեղարքունիքի նորանշանակ մարզպետ Գնել Սանոսյանի համոզմամբ՝ մարզում առկա արտագնա աշխատանքը նաև դրական կարող է անդրադառնալ մարզի տնտեսության վրա:
Նա լրագրողների հետ զրույցում նկատեց, որ գնացողների 90 %-ը հետ է գալիս ու, փաստորեն, իր հետ բերում գումար, որը շրջանառվում է մեր երկրում:
Մյուս կողմից էլ, սակայն, վստահեցնում է, որ արտագնա աշխատանքները կանխելու քայլեր կձեռնարկի:
«Տնտեսական առումով ձեռնտու է, բայց ամիսներ շարունակ մարդիկ կտրվում են ընտանիքներից։ Կփորձենք լուծել մարզի համաչափ զարգացման խնդիրը։ Մարզում արտագնա աշխատանքի մեջ դրական բան կա, որ գնացողների առնվազն 90 տոկոսը հետ է գալիս, նրանց աշխատած գումարը հետ է գալիս մարզ։ Սակայն տարեցտարի փորձելու ենք նվազեցնել արտագնա աշխատողների քանակը»,- ասաց նորանշանակ մարզպետը:
Նա նաև երաշխավորում է, որ իր ծանոթ-բարեկամներով չի շրջապատի իրեն, ասում է՝ նրանք կհասկանան, եթե իրենց աշխատանքի չվերցնի:
Միաժամանակ նշում է, որ ազատումներ կլինեն, բայց կադրային ջարդ չի անի:
Հարցին՝ մտահոգություն չունի՞ նա, որ 2 ամսում չի հասցնի իրականացնել սկսված աշխատանքը, նա նկատեց. «Բայց ո՞վ է ասում, որ 2 ամսով եմ նշանակվել,- ապա հավելեց,- եթե կարող եմ 2 օրում էլ օգուտ տալ մարզին, ապա պատրաստ եմ...»:
Մանրամասները՝ տեսանյութում