Ինչպե՞ս է Հովհաննես Ազոյանը գունավորելու ԱԺ-ն․ Բաբլոյանի աթո՞ռը կզբաղեցնի
Շոու բիզնեսային մակարդակի դերասան-քաղաքապետ ունենալը մեր երկրում քիչ էր, դրան գումարվում է նույն մակարդակի մեկ այլ դերասան՝ Ազգային ժողով մտնելու մտադրությամբ։
Հովհաննես Ազոյանը հարցազրույց է տվել և հայտնել, որ ցանկանում է իր գործունեությունը ծավալել Ազգային ժողովում, Աստված գիտի` նրա այդ վառ ցանկությունը միայն պատգամավորական մանդատով կբավարարվի՞, թե՞, ամեն դեպքում, կցանկանա Ազգային Ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնել։ Հաշվի առնելով, թե ովքեր են այսօր մեր երկրում նախարարներն ու փոխնախարարները, կարելի է ենթադրել, որ դրան համահունչ տեսակ է Հովհաննես Ազոյանը և ինչու ոչ, նա կարող է լիարժեք այդ պաշտոնը զբաղեցնել։
Տպավորիչ է հատկապես Հովհաննես Ազոյանի դիտարկումը՝ «Ցանկանում եմ իմ տեսակով ու ներկայությամբ գունավորել Ազգային ժողովը»։
Հետաքրքիր է, Հովհաննես Ազոյանը գունավորել ասելով ի՞նչ նկատի ունի և հատկապես ո՞ր գույնի մասին է խոսքը
Սա Մշակույթի նախարարի՝ «Մշակույթը ես եմ» արտահայտությանը համարժեք միտք էր և ավելին՝ նույն ժանրից է։ Սակայն, ցավոք, դիտարկելով նախարարի պաշտոնավարումը, կարելի է հասկանալ, որ այդպես իրենք իրենցով հիացածների մոտ երբեք էլ ոչինչ այնքան լավ չի ստացվում, որքան իրենք են պատկերացնում, կամ՝ ընդհանրապես չի ստացվում. Մակունցը՝ վառ օրինակ։
Բայցևայնպես, Հովհաննես Ազոյանի դեպքը բացառիկ է. նրա խոսքը կարելի է մի քանի կերպ հասկանալ։ Հնարավոր է՝ մենք լավ չենք հասկանում, թե դերասանն ինչ նկատի ունի գունավորել ասելով։ Մարդ ես, հնարավոր է՝ իր մոտ ստացվեց և գունավորեց, մենք էլ սխալ դուրս եկանք։
Հովհաննես Ազոյանին ևս պետք է քաջալերենք։ Քաջալերո՛ւմ ենք։