Քաղաքական կատակլիզմներից հետո հանրությունը չպետք է զգացմունքային ընտրություն անի. ՀՀԿ պատգամավոր
Այն, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է լինեն՝ երկրորդ կարծիք լինել չի կարող, սակայն խնդիրը ժամանակի մեջ է։ Համենայնդեպս այդպես է համոզված Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը։
Նա լրագրողների հետ զրույցում նկատում է, որ ընտրությունները պետք է լինեն ողջամիտ ժամանակահատվածում, որպեսզի հանրությունը հնարավորություն ունենա հանգիստ, իմաստավորված ընտրություն կատարել, այլ ոչ թե ընտրություն կատարի զգացմունքային ֆոնի վրա։
«Այս քաղաքական կատակլիզմներից հետո, հանրությունն իրավունք ունի վերագնահատել քաղաքական ուժերի դերակատարումը և իր քվեարկությամբ տալ նրանց գնահատականները»,- ասաց Հարությունյանը:
Նա նշեց, որ երկրում չի եղել, գործուղման է մեկնել և տեղյակ չէ վերջին իրադարձություններին։ Անգամ նա չգիտեր այն, որ որոշ պատգամավորներ միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը՝ կապված արտահերթի անցկացման հետ։
Ինչպես այս մասին, այնպես էլ Փաշինյանի և ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի միջև ստորագրված հուշագրի վերաբերյալ լուրեը նա իմացավ լրագրողներից, ուստի չցանկացավ որևէ մեկնաբանություն անել տեղի ունեցածի հետ կապված և ժամանակ խնդրեց՝ վերջին իրադարձություններին ծանոթանալու համար։