Բարաթը ստացավ. հիմա հարց է՝ կկարողանա՞ չխախտել պայմանավորվածությունները
Ժամեր առաջ ՀՀ կառավարությունում հուշագիր ստորագրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:
Ըստ հուշագրում ամրագրված կետերից մեկի՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների կազմակերպմանը և ԱԺ արձակմանը հասնելու նպատակով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի դեպքում «Ծառուկյան դաշինք» խմբակցությունը, որպես հեղափոխության աջակից ուժ, պարտավորվում է ՀՀ վարչապետի թեկնածու չառաջադրել, չաջակցել վարչապետի որևէ թեկնածուի: Խմբակցության պատգամավորները չեն մասնակցի նաև ԱԺ պատգամավորների 1/3-ի կողմից ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրելու նախաձեռնությանը:
Սա, ըստ էության, այն բարաթն է, որը պետք է Նիկոլ Փաշինյանին՝ հրաժարական տալու և միևնույն ժամանակ իր պոստը չկորցնելու համար:
Հետաքրքրական է՝ ի՞նչ ետին մտքով Փաշինյանը նստեց և բանակցեց Գագիկ Ծառուկյանի հետ այն բանից հետ, երբ օրեր առաջ նույն Ծառուկյանին և նրա թիմին համարում էր իր թեկունքում «խաղեր տվող» ուժ ու հակահեղափոխական՝ անկախ այն բանից, որ հենց Ծառուկյանի շնորհիվ է մայիսի 8-ին ընտրվել ՀՀ վարչապետ:
Ըստ Նիկոլ Փաշինյան-Գագիկ Ծառուկյան հուշագրի՝ կողմերը պարտավորվում են խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավն անցկացնել կոռեկտության և փոխադարձ հարգանքի հիման վրա՝ ՀՀ գործող օրենսդրությամբ սահմանված մյուս պայմանների պահպանմամբ:
Այս կետը ևս խիստ կասկածելի է, որ փաշինյանական թիմն ի վիճակի կլինի չոտնահարել՝ հաշվի առելով Երևանի ավագանու արտահերթ ընտրություններն ու փաշինյանամոլների դրսևորած կռիվները՝ ֆեյքերի դաշտում:
Ինչևէ՝ այս հուշագրով արտահերթ խորհրդարանական ընտրությունները ևս մեկ քայլով մոտեցան իրենց հանգրվանին, և շնորհիվ ԲՀԿ առաջնորդի, Նիկոլ Փաշինյանն ունեցավ այս հարցում իր առաջին ուժեղ համախոհը, ինչպես որ այն ունեցավ հեղափոխության օրերին, երբ Ծառուկյանը որոշեց սատարել շարժմանը:
Այս հուշագրի կետերը կյանքի կոչելը այսուհետ կախված է միայն ու միայն պայմանավորվածությունները խախտելու սովորություն ունեցող ՀՀ վարչապետից, իսկ մինչ այդ՝ սպասենք-տեսենք, թե ինչ պայմանավորվածություն ձեռք կբերի նա ՀՀԿ-ի և ՀՅԴ–ի հետ: