Խելքին աշեցեք
Ազգային ժողովն արտահերթ նիստում այսօր երկու ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Տոների և հիշատակման օրերի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում երկար ջանք թափեց՝ հասկանալու համար, թե որտեղից են իր թիմակից նախագիծ մշակողներն անհասկանալի ձևակերպումներ «սղղացրել» այս նախագիծ, և մի կերպ «հորով-մորով» անելուց հետո նախագիծն այսօր հասավ Ազգային ժողով, ափալ-թափալ անցավ երկու ընթերցում, իսկ րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ այն արդեն իսկ ստորագրել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Թե ինչ նախագծի օգտին պատգամավորները քվեարկեցին, հավանաբար, այդպես էլ չհասկացան, որովհետև նախագիծն Ազգային ժողովում ներկայացնում էր ոմն երիտասարդ, որը թեև զբաղեցնում է ՀՀ արտաքին գործերի, ո՛չ ավել, ո՛չ պակաս, փոխնախարարի պաշտոնը, սակայն հոգու խորքում չի գիտակցում զբաղեցրած պոստի կարևորությունը:
Ռուբեն Ռուբինյանին էր վստահված հիմնական զեկուցողի գործառույթը, որը, մեղմ ասած, Ռուբինյանը տապալեց:
Վերջինիս համար գերմարդկային ճիգեր էին պահանջվում պատասխանելու պատգամավորների ոչ բարդ ու ոչ խրթին հարցերին:
Օրինակ՝ մեկ ասում էր, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման համար աշխատանքային օրերը տեղափոխում են, որ Երևանում խցանումներ չլինեն, մեկ՝ նշում, որ մարզերից կարող են գալ և դառնալ այդ միջոցառման մասնակիցը՝ մոռանալով, որ դա հենց խցանման պատճառներից մեկն է դառնալու:
Ռուբեն Ռուբինյանը չէր կարողացել, նախքան Ազգային ժողովի ամբիոնին մոտենալը, հասկանալ նաև, թե որոնք են լինելու ՀՀ արտաքին քաղաքական ակնկալիքներն այս գագաթնաժողովից:
Պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցին ի պատասխան՝ անպատրաստ փոխնախարարը տվեց ցաքուցրիվ ու լղոզված պատասխան՝ օդում կախված թողնելով հարցի պատասխանը, թե՝ ըստ կառավարարության՝ ո՞րն է ՀՀ արտաքին քաղաքական ակնկալիքը Ֆրանկոֆոնիայի նման կարևոր միջոցառումից:
Ռուբինյանի այս պատասխանից կամ, ավելի ճիշտ, պատասխանի բացակայությունից հետո էլ ՀՀԿ-ական մեկ այլ պատգամավոր Արմեն Աշոտյանը, շտապեց ևս մեկ ջախջախիչ հարված հասցնել՝ հորդորելով պատգամավորներին նորմալ, տեղը-տեղին հրավերներ ուղարկել, որպեսզի հյուրերի մոտ կառավարությունն իր դատարկամիտներով խայտառակ չլինի:
Ցավալի է, բայց փաստ ու մեծ հարց է՝ Ֆրանկոֆոնիայի նման կարևոր գագաթնաժողովին ինչպե՞ս են իրենց դրսևորելու մեր՝ գիտելիքի և փորձի խիստ պակաս ունեցող հեղափոխական իշխանավորները: