Եթե գնում ես ընտրությունների՝ պետք է օրենսգիրք փոխես․ Գալուստ Սահակյանը վստահ է՝ ՀՀԿ-ն միշտ լինելու է
Հանրապետականի համակիրները կան, գոյատևելու են և ոտքի վրա են լինելու միշտ։ Այսօր Ազգային ժողովում ասաց Հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե ունի՞ արդյոք ՀՀԿ-ն համակիրներ։
Լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք այդ համակիրներով ՀՀԿ-ին կհաջողվի՞ մեծամասնություն կազմել, Գալուստ Սահակյանը նկատեց, որ իրենց խնդիրը ո՛չ թե մեծամասնություն կամ փոքրամասնություն կազմելու մեջ է, այլ ընտրություններն իր ժամանակին անցկացնելու մեջ։
Թե երբ կլինեն ընտրությունները, Գալուստ Սահակյանը դժվարանում է ասել, բայց վստահեցնում է, որ դա կլինի ողջամիտ ժամկետում, որպեսզի հասցնեն Ընտրական օրենսգիրք փոխել։ Ամեն դեպքում, նա չի կարծում, թե մինչև դեկտեմբեր կհասցնեն օրենսգիրքը փոխել։
«Աշխարհում էդպես է, եթե ընտրության ես գնում, մեկ տարի առաջ պետք է Ընտրական օրենսգիրքը փոխես։ Օրենսգիրքը փոփոխելը երկարատև պրոցես է, դրանից հետո պետք է ժամանակ լինի, որպեսզի քաղաքական ուժերը կարողանան ծանոթանալ այդ օրենսգրքին»,-վստահություն հայտնեց նա:
Նա հորդորեց ՀՀԿ-ի անունը մի կողմ դնել՝ կապված արտահերթ ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հետ։ Ամեն դեպքում, նա վստահեցնում է, որ անկախ ամեն ինչից՝ Հանրապետականը միշտ ոտքի վրա է մնալու։