Գնդակը Նիկոլ Փաշինյանի դաշտում է. Էդուարդ Շարմազանով
Արհեստական է հարցը, թե՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններին կո՞ղմ եք, թե՞ դեմ, որովհետև վարչապետը, եթե հրաժարական է տալիս, իսկ խմբակցությունները թեկնածու չեն առաջադրում, ուզած-չուզած գնում ես ընտրությունների: Այդ մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ, Հանրապետական խմբակցության պատգամավոր Էդուարդ Շարմազանովը:
«Երբ-որ դու ասում ես՝ կո՞ղմ ես, թե՞ դեմ, պիտի այն կոնտեքստում հարցը տաս, որ դու պատրա՞ստ ես՝ որպես խորհրդարանական ուժ, սկսես ինքնալուծարվել, սկսես սահմանադրական բարեփոխումներ անել, ինչի մասին խոսեց Փաշինյանը Հանրապետության հրապարակից»,- ասաց Շարմազանովն ու հավելեց, որ չի կարծում, թե խորհրդարանում, բացի «Ելքից», կա ուժ, որ համամաիտ է, խորհրդարանը գնա ինքնալուծարման:
Թե ինչպես կվարվի Հանրապետականը, եթե Փաշինյանը գնա հրաժարական տալու տարբերակով, ԱԺ փոխխոսնակն ասաց, որ այդ դեպքում կքննարկեն՝ ինչ անել:
«Կան կոնսենսուսով ԱԺ ընտրութուններ, կան պարտադրված ընտրություններ: Ես կարծում եմ, որ երբ Փաշինյանը հրաժարական էտալիս, դա արդեն պարտադրվածի է նման»,- ասաց նա:
Հարցին, թե արտահերթ ընտրություններից խուսափելու համար, հնարավո՞ր է Հանրապետական խմբակցությունը վարչապետի թեկնածու առաջադրի, Շարմազանովն ասաց. «Մենք ո՛չ ինքնանպատակ թեկնածու առաջադրենք, ո՛չ էլ ինքնանպատակ կգնանք արտահերթ ընտրությունների: Ամեն ինչ տակ պետք է լինի գաղափար, պատճառահետևանքային կապ: Կրկնում եմ՝ այն, ինչ որ ասել է վարչապետը, լավագույն տարբերակը չէ, եթե չասենք՝ վատագույնն է, բայց երբեմն դու ընտրում ես վատի ու վատագույնի միջև: Հիմա գնդակն իր դաշտում է: Ինքն, ըստ Սահմանադրության, իրավունք ունի հրաժարական տալ, եթե հրաժարական տա, քաղաքական ուժերը կքննարկեն՝ ըստ իրավիճակի, երկրի շահերից ելնելով՝ առաջադրո՞ւմ են, թե՞ չեն առաջադրի»: