Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ Արցախում սուգ է հայտարարվել
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ մեծանուն հայ, աշխարհահռչակ երգիչ, երգահան, գրող, կինոդերասան եւ հասարակական գործիչ٫ Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ս.թ. հոկտեմբերի 6-ին Արցախի Հանրապետությունում սուգ է հայտարարվել:
Նախագահի հրամանագրով՝ Արցախի Հանրապետության կառավարությանը٫ նախարարություններին, գերատեսչություններին, շրջանային վարչակազմերի ղեկավարներին, Ստեփանակերտի քաղաքապետին՝ Արցախի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության ներկայացուցչություններում հանձնարարվել է սգո օրը խոնարհել Արցախի Հանրապետության պետական դրոշը: