33-ամյա ՔՊ-ականը՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հակոբ Արշակյանին տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար նշանակելու մասին:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Հակոբ ԱՐՇԱԿՅԱՆԻՆ նշանակել տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար»,-ասված է նախագահ Սարգսյանի համապատասխան հրամանագրում:
Նախարարության կայքից տեղեկանում ենք, որ մինչ նախարար նշանակվելը Հակոբ Արշակյանը համակարգում էր կապի, հեռահաղորդակցության, համացանցի, թվայնացման, ինովացիայի, տեղեկատվական ու բարձր տեխնոլոգիաների, կիբերանվտանգության և տիեզերական տրանսպորտի ոլորտներում քաղաքականության իրականացման աշխատանքները:
Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր
1985թ. ապրիլի 16, ք. Երևան
Կրթություն
2005 - 2009 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (բակալավրիատ):
2009 - 2011 թթ. - Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի քոմփյութերային համակարգեր և ինֆորմատիկա բաժին (մագիստրատուրա):
Աշխատանքային գործունեություն
2008 - 2012 թթ. «ՀԻՄԱ» նախաձեռնության համահիմնադիր անդամ, 2012 թ.-ից «ՀԻՄԱ» հասարակական կազմակերպության նախագահ:
2010 – 2012 - «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, Համակարգերի ինժեներ (Systems Engineer):
2012 – 2017 - «Նեյշնլ Ինսթրումենթս» (National Instruments) ընկերություն, «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար (Տարածաշրջանն ընդգրկում է Հնդկաստանը, Ռուսաստանը և ԱՊՀ-ն, Արաբական երկրները և Աֆրիկան):
2018 թ. հունվար – մայիս - «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր, գործադիր տնօրեն:
Այլ տվյալներ
2003 - 2005թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում:
2014թ. - «Ընդդեմ կենսաթոշակային պարտադիր վճարի», «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ:
2016թ. Ապրիլյան պատերազմի ընթացքում ծառայել է առաջնագծում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կամավորական ջոկատի շարքերում:
Կուսակցական պատկանելություն
2015 թ.-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր վարչության անդամ:
Անձնական տվյալներ
Ամուսնացած է, ունի երկու դուստր: